1992 դիտում
10:01 30-01-2021
ԼՂ պատերազմի գերիների հարցը դիտարկվում է քաղաքական հաշվարկների հարթակում. վերլուծաբանի կարծիք․ «Ամերիկայի ձայն»
London School of Economics-ը քննարկել է ԼՂ հակամարտության վերջին զարգացումները մարդասիրական ոլորտի տեսանկյունից վերլուծաբան Բրոյերսի և պատմաբան Լեյքոկի մասնակցությամբ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5757330.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Չնայած վերջին պատերազմը տևել է համեմատաբար ավելի կարճ, այն մեծ ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ է դարձել, ասում է վերլուծաբան Լոուրենս Բրոյերսը London School of Economics կազմակերպած քննարկմանը ՝ ԼՂ հակամարտության մարդասիրական ոլորտի հետևանքների մասին: Պատերազմը ուղեկցվեց քաղաքացիական բնակչության հրթիռակոծումներով, տեղահանվածներով, արգելված կասետային զինատեսակների կիրառմամբ, պատերազմական հանցագործություններով ու գերիների սպանությամբ: Պատերազմի արդյունքում եղան նոր տեղահանվածներ ու փախստականներ:
«Պատերազմի ընթացքում կիրառվել են նաև արգելված ֆոսֆորային զինատեսակներ: Երկու կողմերը մեղադրել են միմյանց, սակայն, որքան ինձ հայտնի է, զենքի կիրառումից այրվածքներ ու այլ ապացույցներ ներկայացված են եղել հայկական կողմից»,- նշում է Բրոյերսը:
ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերություններն այսօր հասել են այն նվազագույն կետին, երբ չեն գործում մարդասիրական նորմերը՝ օրինակ՝ գերիների փոխանակումը, ընդգծում է Բրոյերսը՝ շեշտելով՝ այս հարցը դիտարկվում է ոչ թե մարդասիրական, այլ քաղաքական հաշվարկների հարթակում:
«Այս նոր իրավիճակը լավագույն սցենարը չէ կողմերից յուրաքանչյուրի համար, բացառությամբ անկասկած Թուրքիայի: Խաղաղության հիմքերը չափազանց մշուշոտ են: Հակամարտության կողմերը՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը հայտնվել են հակամարտության պարադիգմի փակուղիում»,- ասում է նա:
Պատմաբան Ջո Լեյքոկի կարծիքով էլ վերջին զարգացումները պետք է դիտարկվեն ավելի լայն պատմական համատեքստում, որն էլ արձանագրում է, թե ինչպես է ընթանում հակամարտությունը, ինչպես են արձագանքում հակամարտության կողմերը, ինչպիսի որոշումներ են նրանք կայացնում և ինչպես են մեկնաբանում տեղի ունեցածը: Նա կարևորում է միջազգային մարդասիրական կառույցների ներգրավվածությունը, սակայն համակարծիք է Բրոյերսի հետ, որ այսօր գոյություն ունեցող անորոշությունը բացասաբար է ազդում մարդասիրական գործոնի վրա: Չկա հստակություն, թե ով կարող է և կամ ով պետք է գործի մարդասիրական ոլորտում, նշում է նա:
«Արձագանքը պատերազմի հետևանքներին ներկայումս ընթանում է խորը անվստահության մթնոլորտում: Եվ դա մարտահրավեր է ցանկացած կառույցի համար, որը պատրաստվում է ներգրավվել տարածաշրջանում»,- նշում է նա:
Լեյքոկը մատնանշում է քաղաքական և մարդասիրական խնդիրների տարանջատման կարևորությունը: Մարդասիրությունը, չնայած երբեմն հակադրվում է քաղաքականությանը, սակայն հաճախ դառնում է քաղաքականության անբաժանելի մաս, պնդում է Լեյքոկը:
Բրոյերսի կարծիքով էլ այսօրվա մթնոլորտում դժվար է խոսել խաղաղության կառուցման մասին: Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունն, ըստ Բրոյերսի, կրում են աշխարհաքաղաքական բնույթ, ուստի վերջնական խաղաղության համար անհրաժեշտ են ավելի մեղմ ենթակառուցվածքներ: Կողմերը երկար տարիներ առաջնորդվել են միմյանց հանդեպ ամենավատ կարծրատիպերով, իսկ այսօր հայտնվելով կողք կողքի՝ ստիպված են օգտվել նույն ենթակառուցվածքներից: Այս իրավիճակում վերլուծաբանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել խաղաղության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:
«Պետք է ընդունենք, որ առկա է եղել խաղաղության սահմանափակ հանրային պահանջարկ: Երկուսն էլ կառուցել են իրենց հետխորհրդային ինքնությունը մեծ հաշվով Ղարաբաղի շուրջ, և այդ մոտեցումը առկա էր քաղաքացիների ձևավորման բոլոր փուլերում»,- ասում է Բրոյերսը:
Բացի այդ, ըստ վերլուծաբանի, կողմերի մոտ բացակայել է հանրային ջանքերի ու պետությունների միջև երկխոսության կապը բանակցությունների գաղտնի ընթացքի պատճառով: Դա սահմանափակել է նոր գաղափարների ու մոտեցումների ձևավորման հնարավորությունը: Բրոյերսը հայտնում է, որ այսօր փորձեր են ընթանում վերակենդանացնելու հակամարտող կողմերի հասարակությունների միջև երկխոսությունը, մասնավորապես ԵՄ ջանքերով:
Նմանատիպ նյութեր
3069 դիտում
09:21 04-06-2021
ԼՂ վերջին պատերազմի ժամանակ Ռուսաստանն ամբողջապես չի աջակցել Հայաստանին. փորձագետի կարծիք․ «Ամերիկայի ձայն»
1565 դիտում
18:31 26-12-2019
Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը դեռ չի դիտարկվում. ԳՇ պետ
2184 դիտում
09:13 14-04-2021
Ռուսաստանը ստորադասել էր Հայաստանի շահը` Թուրքիային իր կողմը քաշելու համար. կարծիք․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը