211652_close_icon
views-count1447 դիտում article-date 13:12 31-01-2021

ԿԳՄՍՆ-ն Սպարտակիադա է անցկացնում 8-12-րդ դասարանցիների, ուսումնարանների և քոլեջների սաների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով մարզական-մասսայական միջոցառումներին պատանիների ներգրավումը, նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավումը, աշխատունակության բարձրացումը և առողջության ամրապնդումը, 8-12-րդ դասարանների աշակերտների, արհեստագործական պետական ուսումնարանների և քոլեջների սաների (մինչև 18 տարեկան) շրջանում անցկացնելու է «Սպարտակիադա» մրցույթը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ «ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 13-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է 4 փուլով. 1-2-րդ փուլերը փետրվար-ապրիլ ամիսներին կկայանան ուսումնական հաստատություններում և համայնքներում, 3-րդ՝ մարզային փուլը՝ ապրիլին, մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում, իսկ հանրապետական փուլն անցկացվելու է մայիս, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում: «Սպարտակիադայի» ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը` Բասկետբոլ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ)։ Վոլեյբոլ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ): Սեղանի թենիս. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ): Հնգամարտ. կրոսավազք (1000 մ տղաներ, 500 մ աղջիկներ), վազք (100 մ տղաներ, 60 մ աղջիկներ), հեռացատկ տեղից, գնդակի նետում հեռավորության վրա, ձգումներ պտտաձողից (տղաներ), հենում պառկած դրությունից (աղջիկներ): Մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 5 տղա, 5 աղջիկ, 1 ներկայացուցիչ): Հրաձգություն. մրցումներն անցկացվում են օդամղիչ հրացանով 10 մետրից, 3 փորձնական և 5 հաշվարկային կրակոցներով՝ հիմք ընդունելով Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 4 տղա, 4 աղջիկ, 1 ներկայացուցիչ): Շախմատ (արագ). մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով (9 տուր): Յուրաքանչյուր խաղի տևողությունը` 10 րոպե, 5 վայրկյան հավելումով սկսած 1-ին քայլից (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ): Բազկամարտ (տղա, աղջիկ). մրցումներն անցկացվում են բազկամարտի գործող կանոնների համաձայն՝ աջ ձեռքով, տղաները վեց քաշային կարգերով` մինչև 50 կգ, 55 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ և +70 կգ, իսկ աղջիկները չորս քաշային կարգերով` մինչև 45 կգ, 50 կգ, 55 կգ և +55 կգ (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 6 տղա, 4 աղջիկ, 1 ներկայացուցիչ): Ֆուտզալ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Մինի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը, խաղի տևողությունը՝ 20 րոպե, 10 րոպե ընդմիջումով (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 1 ներկայացուցիչ): Բաթմինթոն (տղա, աղջիկ). բաթմինթոնի մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Բաթմինթոնի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ): Լողափնյա վոլեյբոլ (տղա, աղջիկ). մրցումներն անցկացվում են միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համապատասխան (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ): Աթլետիկա (տղա, աղջիկ). մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 5 տղա, 5 աղջիկ, 1 ներկայացուցիչ): Շաշկի. մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով 9 տուրից, վիճակահանությամբ (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ): Հանդբոլ (տղա, աղջիկ). մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ): «Սպարտակիադայի» նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցույթի անցկացմանն աջակցում են Հայաստանի մարզական ֆեդերացիաները, ՀՀ մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը և Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարությունը: Կազմակերպման ու անցկացման պատասխանատվությունը, ըստ փուլերի, կրում են` 1-ին փուլում՝ ուսումնական հաստատությունները, 2-րդ փուլում՝ Հայաստանի Հանրապետության համայնքները, 3-րդ փուլում՝ ՀՀ մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարությունը, միջմարզային և 4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումների անցկացման անմիջական պատասխանատվությունը, ըստ մարզաձևերի, կրում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մրցավարական հանձնաժողովը: Սպարտակիադայի 4-րդ՝ հանրապետական փուլում, ըստ մարզաձևերի, 1-3-րդ տեղերը գրաված թիմերը և մարզիկները կարժանանան հավաստագրերի, մեդալների, գավաթների և հուշանվերների, իսկ ընդհանուր թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված թիմերը կստանան նաև դրամական պարգևներ: Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մարզական մրցույթը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր