211652_close_icon
views-count1379 դիտում article-date 10:11 03-02-2021

Արցախյան պատերազմը հարվածեց նաև ժողովրդավարական գործընթացներին․ «Ամերիկայի ձայն»

ԼՂ վերջին պատերազմը զգալի հարված հասցրեց տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացներին: Վերլուծաբաններ Միրիամ Լանսկոյն ու Էմիլ Ավդալիանին անդրադարձել են խնդրին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5762534.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների համատեքստում ավտորիտար պետությունները գերակայություն ստացան, կարծում է National Endowment for Democracy հաստատության ավագ վերլուծաբան Միրիամ Լանսկոյը: Ըստ նրա՝ այդ օրերին արձանագրված միտումները տարակուսանք են առաջացնում. եթե 2016-ին, երբ ՀՀ-ում իշխանության էր նախագահ Սարգսյանը, ՌԴ նախագահ Պուտինը երեք-չորս օրից հետո կողմերին ստիպեց նստել բանակցային սեղանի շուրջ, ապա այսօր նույն այս գործընթացը տևեց շուրջ մեկ ու կես ամիս, որի շուրջ մոտեցումները տարատեսակ են մեկնաբանվում: «Ոմանք պնդում են, որ տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցությունը նվազել էր, և այն չի ունեցել Թուրքիայի վրա նույն չափ ազդեցություն, որքան ենթադրաբար եղել է 2016-ին: Ոմանք էլ ասում են, որ հարաբերությունների շատ տարբեր մակարդակ էր` կապված ռեժիմի տեսակի հետ: Պուտինը ցանկանում էր սատարել ավտորիտար իր տեսակի նախագահին, և, ըստ էության, պատժել Փաշինյանին»,- նշում է Լանսկոյը: Նա հիշեցնում է, որ հետխորհդային առաջին տարիներին Հարավային Կովկասի երկրները ձգտում էին դառնալ Եվրոպայի մաս: Այս տեսլականի իրականացման համար, սակայն, ըստ Լանսկոյի, անհրաժեշտ է խաղաղություն, որի բացակայությունը խոչընդոտ է քաղաքական այս ուղեգծի համար: «Հակամարտության վերջին այս ալիքն իսկապես բարձրացրեց բազմաթիվ հարցեր, թե որքանով է իրատեսական այդ տեսլականը կամ, եթե ավելի լավատեսորեն արտահայտվենք՝ ինչ դասեր կարող ենք քաղել և ինչպես հետագայում առաջնորդվել այդ տեսլականին ավելի պրագմատիկ ձևով»,- նշում է նա: Լանսկոյի կարծիքով, Հայաստանի ներքաղաքական զարգացումները ապացույց էին, որ հանրությունը երկրում ի վերջո սատարում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը: «Այսօր նույնիսկ ավելի մեծ ճնշում կա «Իմ քայլ» դաշինքի վրա, որպեսզի այն հնարավորինս արագ վճռականորեն շարժվի դեպի բարեփոխումներ: Կարծում եմ, որ պատերազմն ավելի հրատապ դարձրեց տարբեր բարեփոխումների իրագործումը»,- նշում է ամերիկացի վերլուծաբանը: Իր հերթին խոսելով Հայաստանում ժողովրդավարական զարգացումների մասին պատերազմի համատեքստում՝ վրացի վերլուծաբան Էմիլ Ավդալիանին պնդում է՝ Հայաստանն այսօր հայտնվել է բավականին ծանր վիճակում, քանի որ էլ ավելի մեծ կախվածության մեջ է ՌԴ-ից, ռուսական արտաքին քաղաքականությունից ու վերջինիս պահանջներից: Նա շեշտում է՝ այսօր տարածաշրջանում գերիշխում է խնդիրների կարգավորման ոչ ժողովրդավարական մոդելը: «Այս պատերազմի արդյունքներից մեկն այն է, որ գերակայություն ստացավ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուծումների ոչ ժողովրդավարական մոդելը ի հակառակ ժողովրդավարականի, որի կողմնակիցն է սովորաբար Արևմուտքը: Այսօր գերիշում է ռուսական մոդելը: Ոչ ժողովրդավարական Ադրբեջանն ու Թուրքիան ևս նպաստում են Հարավային Կովկասում առկա հակամարտությունների լուծման այդ տարբերակին»,- ասում է նա: Ավդալիանին նաև ընդգծում է, որ վերջին զարգացումները զգալի հարված հասցրեցին Արևմուտքի դիրքերին տարածաշրջանում: «Այս ամենն ազդանշում է նաև ոչ միայն ժողովրդավարական մոդելի, այլև տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, Արևմուտքի դուրս մղմանը, բացառությամբ գուցե Վրաստանից»,- կարծում է նա: Միրիամ Լանսկոյն էլ գտնում է, որ դեռևս վաղ է խոսել, թե ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու ամերիկյան նոր վարչակազմն այս տարածաշրջանում: Վերջինիս անհրաժեշտ է ժամանակ՝ գլոբալ պատկեր ստանալու և տարածաշրջանի իրավիճակը պատկերացնելու համար, գտնում է Լանսկոյը՝ հույս հայտնելով, որ Բայդենի վարչակազմը կվերանայի ռուս-ամերիկյան հարաբերությունները և ավելի շատ կհամագործակցի եվրոատլանտյան դաշնակիցների, մասնավորապես Փարիզի հետ:

Նմանատիպ նյութեր