37283 դիտում
14:25 03-02-2021
Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենաթարկել հետիոտնին․ վերջինս, վարորդի ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում, Դիտավան գյուղի բնակիչ 61-ամյա Արշակ Ս․-ն իր վարած ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 144․5-րդ կմ-ում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 48-ամյա Արմեն Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է։
Վարորդը դեպքի մասին ահազանգել է Ոստիկանության Իջևանի բաժին։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+