211652_close_icon
views-count3406 դիտում article-date 10:53 05-02-2021

Այդ դեպքում Կրասնոդարում քյաբաբ կուտենք․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ներկա իշխանություններին կարծես թե հաջողվել է համոզել մեր բնակչության մեծամասնությանը, որ «հայկական կարգավիճակով» Արցախ ունենալն այնքան էլ կարեւոր չէ, եւ եթե անգամ մնացած մասն էլ մենք հանձնենք Ադրբեջանին (որի վտանգը, համաձայնեք, իրական է), դրա մեջ էլ ոչ մի սարսափելի բան չկա: Դա իբր չի խանգարելու Երեւանում կամ Գյումրիում մեր ապահով եւ բարեկեցիկ կյանքին: Ավելին՝ այն, որ Հայաստանը փաստացի կորցնում է իր անկախ կարգավիճակը, դա էլ, ըստ այդ տրամաբանության, խնդիր չէ. ամենայն հավանականությամբ, մենք կշարունակենք ունենալ դրոշ, նախարարներ եւ դեսպաններ: Եթե այդ մտայնությունը գերիշխող է, ապա դա նշանակում է միայն մի բան. այն նախագիծը, որով ստեղծվել է Երրորդ հանրապետությունը, տապալվել է: Եկեք մի պահ մոռանանք, թե ով է դրանում մեղավոր եւ փորձենք պատասխանել մեկ այլ հարցի՝ արդյոք գոյություն ունի՞ որեւէ այլ ազգային նախագիծ: Այլ կերպ ասած, արդյոք պատմական երկարատեւ հեռանկարում հնարավո՞ր է հայկական ինքնության պահպանումը՝ առանց հայկական պետության: Ինձ թվում է, այն չափով, որով, ասենք, ասորիները պահպանել են իրենց ինքնությունը, մենք էլ կպահպանենք: Որպես թանգարանային նմուշ ներկայացող հնագույն մի ազգ, այո՝ կպահպանվենք: Հնարավոր է անգամ, որ Կրասնոդարում կամ Գլենդեյլում դարեր շարունակ գործեն «Շուշի» եւ «Հադրութ» անունով քյաբաբնոցները: Եթե դա է մեր հավակնությունների նշաձողը, ապա ամեն ինչ իսկապես OK է: Բայց եթե ներկայումս առկա հասարակական միտումները շարունակվեն, ապա մենք չենք կարողանա ավելի մեծ հավակնություններ ունենալ՝ ի հակադրություն այն տեսլականի, որը, կարծես թե, ունեցել ենք 1991 թվականին: Բանն այն է, որ պատմական մոտ ապագայում Երեւանում կամ Գյումրիում բարեկեցիկ ու ապահով կյանք ունենալը պատրանք է: «Ինչո՞ւ եք կարծում, որ թուրքերը չեն հարձակվի Սյունիքի վրա»,- հարցնում եմ ես նման պատրանքներ ունեցողներին: «Ռուսը չի թողի»,- պատասխանում են նրանք: Մոտակա ամիսներին, այո, չի թողի: Մոտակա 5 տարիներին՝ կասկածելի է: Դրանից հետո՝ ոչ ոք չի կարող ասել: Ռուսը «թողեց», որ Աղդամում, հայկական բնակավայրերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, միանգամայն «լեգիտիմ» հիմունքներով տեղակայվեն 60 թուրք զինծառայողներ՝ «մոնիտորինգի կենտրոնի» անվան տակ: Դա, իհարկե, պատերազմի եւ ներկայիս իշխանությունների «իմաստուն» քաղաքականության արդյունքն է: Բայց դա նաեւ՝ Ռուսաստանի թուլության նշան է: Վերջին տարիներին՝ ի հեճուկս կայսրապաշտական հռետորաբանության, այդ երկիրը կորցնում է իր քաշը: Եթե մարդիկ ասում են՝ «ռուսը չի թողնի», ոչ թե՝ «մենք չենք թողնի», ուրեմն նրանք փրփուրներից են կախվել: Եվ, ի դեպ, փաստ չէ, որ մոտակա տարիներին նույն ռուսներն ու թուրքերը թույլ տան մեզ դրոշի, նախարարների եւ դեսպանների տեսքով «խաղալիքներ» ունենալ: Այդ ամենը, սակայն, մեր բնակչության մեծամասնության հետաքրքրություններից դուրս է: Նրանք գուցե հոգու խորքում հասկանում են, որ իմ նկարագրած հոռետեսական սցենարն իրական է: Բայց, հավանաբար, մտածում են՝ «ոչինչ, այդ դեպքում կգնանք Կրասնոդարում քյաբաբ կուտենք»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր