211652_close_icon
views-count1302 դիտում article-date 14:03 05-02-2021

ՀՀ֊ն պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/1042495.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը Ալմաթի քաղաքից, այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում: Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նկատեց, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու առումով և կարևոր տեղ է զբաղեցնում համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շարքում: Անդրադառնալով այլ թեմաների՝ ՀՀ վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից հայրենական արտադրողներին պաշտպանելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման առումով ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման նպատակով: Նիկոլ Փաշինյանը նաև հարկ է համարում դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը: «Մենք մեծապես կարևորում ենք այն գնահատականները և եզրակացությունները, որոնք ներկայացված են «ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցում: Վստահ եմ, որ դրանք օգտակար են մեր երկրների ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելու և դրա շարժի ուղղությունները կանխատեսելու տեսանկյունից: Եվ, վերջիվերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների քննարկման առանցքում է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման հարցը, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները, մակրոտնտեսական իրավիճակը, միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկները։ Նախատեսվում է հաստատել անդամ պետություններում անասնաբուծության ոլորտում բուծման աշխատանքների համակարգման և վերլուծության գործընթացի աջակցման կարգը: Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի խոսքով, իրենց նախագահության ժամանակահատվածում առանցքային են լինելու տարբեր ուղղություններ՝ հիմքում ունենալով ԵԱՏՄ փորձը։ «Ընդհանուր ԵԱՏՄ֊ ի շուկայի հասանելիությունը դառնում է խիստ անհրաժեշտ։ Կարևոր է ջանքերն ուղղել ապրանքների սահուն տեղաշարժն ավելի արդյունավետ կազմակերպելու գործընթացին։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել թվայնացման օրակարգը։ Անհրաժեշտ է խթանել թվային նախաձեռնությունները՝ բացահայտելով եղած ներուժը»,-ասաց Ղազախստանի վարչապետը։ Կարևորելով միության և երրորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, Ասկար Մամինը նշեց, որ պետք է ակտիվ գործել այդ ուղղությամբ։ 2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

Նմանատիպ նյութեր