211652_close_icon
views-count1562 դիտում article-date 11:31 06-02-2021

Փախուստ ազատությունից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս Հայաստանում եւ աշխարհում կատարվող իրադարձությունները ստիպում են ինձ մտածել մի կարեւոր հարցի շուրջ՝ որտեղի՞ց են առաջանում զանգվածային մոլորությունները, անհեթեթ առասպելները, դավադրության տեսությունները: Իհարկե, ծիծաղելի կլիներ ասել, որ դրանք նոր երեւույթներ են՝ դրանք հազարամյակների ընթացքում բնորոշում էին մարդկանց եւ նրանց խմբերին: Պարզապես ճգնաժամային պահերին այդ մոլորություններն ավելի ցայտուն են դառնում: Իսկ վերջին տարիներին ճգնաժամը (որի «առողջապահական» դրսեւորումը այսբերգի երեւացող մասն է) սրում է այդ դրսեւորումները: Իր դերն է խաղում նաեւ այն, որ համացանցի միջոցով ստերը տարածվում են կայծակնային արագությամբ: 

20-րդ դարի նշանավոր հոգեբան Վիկտոր Ֆրանկլը նշում էր, որ զանգվածային նեւրոզի հատկանիշներն են ծրագրերի բացակայությունը, ճակատագրապաշտությունը, կոլեկտիվ մտածողությունը, ամբոխի հետ միաձուլվելու ցանկությունը, ֆանատիզմը, որը մարմնավորվում է կարգախոսների տեսքով: Այստեղից որպես հետեւանք՝ պատասխանատվության վախը, խուսափումն ազատությունից: (Ֆրանկլը գիտեր, թե ինչի մասին է խոսում, քանի որ ինքն այդ պսիխոզի զոհն էր եւ մի քանի տարի անցկացրել էր նացիստների համակենտրոնացման ճամբարում): Առանցքային երեւույթն այստեղ «ազատությունից խուսափումն» է, որը մեջբերված տրամաբանական շղթայի հանգուցային կետն է: Այսինքն՝ եթե մարդը չունի իր ապագայի վերաբերյալ որոշակի տեսլական, եթե նա ցանկանում է իր անհատականությունը «տարալուծել» ամբոխային զգացմունքների եւ կարծրատիպերի մեջ, ապա դա աներկբայորեն վկայում է պատասխանատվությունն իր ուսերից թոթափելու եւ այդպիսով ազատությունից խուսափելու մասին: «Փախուստ ազատությունից»՝ այդպես է կոչվում մեկ այլ հայտնի հոգեբան՝ Էրիխ Ֆրոմի գրքերից մեկը: 

Լավ, եթե ազատությունն ու պատասխանատվությունը վերանում եմ մարդկանց հոգիներից, ի՞նչն է զբաղեցնում դատարկ տեղը: Այստեղ պատասխանը նույնպես, կարծես թե, ակնհայտ է՝ կուռքերը: «Մարդկությանը երեք բան է անհրաժեշտ՝ հրաշք, առեղծված եւ հեղինակություն»: Սա ասում է Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպի Հավատաքննիչը, երբ 16-րդ դարում Աստված իբր գալիս է նրա քաղաք՝ Սեվիլյա, որտեղ նոր էին կրակի վրա այրել հարյուր հերետիկոսի: Ըստ Հավատաքննիչի՝ հենց այդ «գործիքներն» էր առաջարկում սատանան Հիսուսին, երբ գայթակղում էր նրան: Բայց Տերը մերժեց գայթակղությունը, ինչը, Հավատաքննիչի կարծիքով, սխալ էր, որովհետեւ մարդիկ իրականում ազատություն չեն ուզում, նրանք տենչում են ունենալ կուռքեր, որոնց երկրպագում են, իսկ դրա համար պետք են հենց հրաշքը, առեղծվածը ու հեղինակությունը: 

Տեղափոխեք այդ երեւույթները հայկական հողի վրա, եւ, կարծում եմ, կստանանք շատ հարցերի պատասխանը: Խոսելով զանգվածային մոլորությունների մասին՝ ես ամենեւին չեմ ուզում առանձնացնել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին մնացած մարդկությունից: Բայց չի կարելի հերքել նաեւ, որ հետխորհրդային երկրներն ունեն նաեւ իրենց առանձնահատկությունները: Կոնկրետ մեր դեպքում մարդկանց երկու տասնամյակից ավելի հետեւողականորեն, չափազանց ցինիկ եւ ամբարտավան ձեւով զրկել են ազատ ընտրություն կատարելու եւ պատասխանատվություն կրելու հնարավորությունից: Շատ բնական է, որ նրանք վաղ թե ուշ կգայթակղվեին ամբոխահաճո կուռքով, եւ երբ ընտրելու հնարավորություն ընձեռնվեց, ընտրեցին ապաշնորհ եւ պետություն ղեկավարելու ունակությունից զուրկ մարդկանց, ինչը բերեց ողբերգական հետեւանքների: Բայց իրենց սխալ ընտրության հետեւանքների համար մարդիկ դարձյալ չեն ուզում պատասխանատվություն կրել: Հավանաբար, սպասում են նոր կուռքերի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր