211652_close_icon
views-count2356 դիտում article-date 12:10 10-02-2021

Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են նոր համատեղ հսկիչ-անցագրային կետի կառուցումը

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հանդիպել է այդ երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևին: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում անելով Грузия Онлайн պորտալին:

Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Մաչավարանին նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Նրա խոսքով` երկու երկրներն ունեն օրինակելի բարեկամական հարաբերություններ, ընդհանուր տնտեսական և աշխարհաքաղաքական շահեր:

Հանդիպմանը նշվել է առևտրի, տնտեսական, տարանցիկ-տրանսպորտային ոլորտներում գործընկերության կարևորությունը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նոր համատեղ հսկիչ-անցագրային կետի կառուցման նախագծին: Ծրագրի շնորհիվ սահմանի հատման ընթացակարգերը զգալիորեն արագացվելու և պարզեցվելու են, ամրապնդվելու են 2 երկրների միջև տրանսպորտային և առևտրային կապերը:

Նշվել է, որ հնարավորություններ կան երկու գործընկեր երկրների համապատասխան պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակման հետագա ընդլայնման և մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացման համար:

Զրույցի ընթացքում արծարծվել է նաև համավարակի համատեքստում մաքսային մարմինների գործունեության համակարգման հարցը, նշվել է, որ դա կարող է ապահովել արտադրանքի անխափան մատակարարում ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի ամբողջ տարածքում:

Նմանատիպ նյութեր