211652_close_icon
views-count1505 դիտում article-date 10:37 11-02-2021

«Հարևան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական «դիվերսիոն ներթափանցման» փորձն է կատարվել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Հարևան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դրան հաջորդում է քայլածների իշխանության կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե իրենց վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը։ Զուգահեռ իրականությունում նույն օրը հայտնի դարձավ, որ պետական որոշ կառույցներում դարձյալ միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են ստացել։ Նախ՝ մի պարզ բան արձանագրենք։

Այս իշխանությունը հայոց պատմության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանն ու Արցախը պատերազմի տարած ու այդ պատերազմում պարտված իշխանություն, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած իշխանություն, ապա և՝ կհիշվի որպես նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի և պատերազմի ժամանակ անամոթաբար պարգևավճար դուրս գրած ու ստացած իշխանություն: Ու այս ֆոնին է, որ նույն Ալեն Սիմոնյանն ասում է, թե իրենք մեղավոր են, որ որոշ մարդկանց Բենթլիներն ու դղյակները չհասցրին ԱԹՍ դարձնել։ Նկատո՞ւմ եք քաղաքական պատասխանատվության և բարոյականության ազատ անկումը։ Բենթլիներն ու դղյակները, ենթադրենք, չհասցրիք, հավատում ենք, բա տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները դարձնեիք:

Դրանք ուղղեիք ԱԹՍ-ների ձեռք բերմանը: Ինչևէ, առաջ անցնենք։ Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Իշխանությունը հրապարակեց մի տեքստ, որը մարտահրավեր է քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին ու հասարակությանն առհասարակ։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, սովորության համաձայն, լարում է իրավիճակը՝ պրոցեսները քաղաքական հարթությունից դուրս բերելու վտանգներով և ռիսկերով։ Քաղաքական ձեռագիր է, ինչ արած։ Ու դժբախտությունն այն է, որ իրավիճակի լրջությունն ու հետևանքները չեն հասկանում «ուսապարկերի խմբակցություն» ծաղրանունը ստացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր