211652_close_icon
views-count2348 դիտում article-date 17:26 22-02-2021

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ․ քննարկվել է Ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը զեկուցել է, որ բարեփոխումների նպատակն է՝ Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության հիմնմամբ ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ոստիկանություն: Փոխոստիկանապետի համոզմամբ՝ իրականացվող բարեփոխումների արդյունքում ապահովվելու է ոստիկանության համակարգի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականության բարձրացումը: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են օպերատիվ կառավարման համակարգի արդիականացմանը, ինչպես նաև վերը նշված աշխատանքների ապահովման ուղղությամբ օրենսդրական նախագծերի մշակման ու փոփոխությունների իրականացման աշխատանքները:

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երևանում ձևավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են  ուսումնական գործընթաց: Պարեկային ծառայությունը համալրվելու է նոր, ժամանակակից ավտոմեքենաներով՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ծառայողներն ունենալու են նոր հանդերձանք ու համազգեստ: Զեկուցվել է, որ օպերատիվ կառավարման կենտրոնի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական կենտրոնի գործունեության արդյունքում ևս կբարձրանա պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը, ինչը կնպաստի նաև վերահսկողության բարձրացմանն ու աշխատանքներն առավել համակարգված իրականացնելուն:

Հաջորդիվ քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց:

Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքների ընթացքը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարի խոսքով՝ ՆԳՆ-ի ձևավորման նպատակն է ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բարձրացումն ու որպես խորհրդարանական կառավարմամբ պետություն՝ Ազգային ժողովի առաջ հաշվետվողականության ապահովումը: Նոր նախարարության հիմնմամբ իրականացվելու է նաև ոստիկանության և քաղաքացիական լիազորությունների տարբերակում. ոստիկանությունն զբաղվելու է բուն հանցավորությամբ դեմ պայքարի գործառույթներով, իսկ քաղաքացիական ծառայությունները կկենտրոնացվեն նախարարության կազմում: Վերջինս նաև կլինի այն մարմինը, որ կապահովի ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակականությունը:

Ներկայացված օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ:

Ամփոփելով՝ Փաշինյանը հանձնարարել է հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները՝ վերը նշված միջոցառումներում իրականացնել անհրաժեշտ լրամշակում և ապահովել դրանց իրականացումը սահմանված ժամկետներում:  

Նմանատիպ նյութեր