211652_close_icon
views-count17368 դիտում article-date 15:55 24-02-2021

ՌԴ պետդումայում Փաշինյանին կոչ են արել ներողություն խնդրել ռուսական «Իսկանդերի» որակից բողոքելու համար․ Daily Storm

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրների «չպայթած» հրթիռների մասին: Նա ենթադրել է, որ դա «80-ականների զենք» է: Daily Storm-ի հետ զրույցում Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը՝ քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը Անդրկովկասում հակամարտության արդյունքներում: Շերինի խոսքով՝ ՀՀ վարչապետը պետք է հրապարակավ ներողություն խնդրի:

«Անկասկած, Փաշինյանին պետք էր մեղավորներ գտնել: Սակայն նման հայտարարությունից հետո հարկավոր է անհապաղ երկկողմ հանձնաժողով ստեղծել, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Եվ նման հայտարարությունն իրականում կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի եւ մեր երկրի վարկանիշին: Եվ նման խոսքերի համար պետք է պատասխանատվություն կրել, եթե դրանք հաստատվեն»,-ասել է Շերինը:

Շերինը կարծում է, որ նախ պետք է ուսումնասիրել, թե արդյոք Փաշինյանն ընդհանրապես կարդացել է «Իսկանդերի» տակտիկատեխնիկական բնութագրերը, եւ արդյոք գիտի՝ ինչի համար է կիրառվում այդ հրթիռը:

«Անկեղծ ասած՝ չեմ հասկանում, թե որն է պահանջը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործի հետ: Նրա խոսքերին պետք է լուրջ մոտենալ: Եթե մարդը նման բան է ասում, պետք է ստուգել: Թող հաստատի դա ինչ-որ փաստերով»,-հավելել է նա:

«Ինչպե՞ս կարելի է հաշվարկել, որ 10 «Իսկանդեր» բաց են թողել, եւ միայն մեկն է պայթել: Իսկ ո՞ւր են ընկել մնացած 9-ը: Չե՞ն պայթել: Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: Նա նման արտահայտություն է բերանից թռցրել ամբողջ աշխարհի առաջ: Փաշինյանի արտահայտություն ցույց է տալիս, թե որքան խորն է նա ընկղմվել ռազմական գործի մեջ»,- նշել է պատգամավորը:      

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն 1in.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, ասել է, թե ««Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է միայն 10 տոկոսով»:

«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,-ասել է Փաշինյանը: Լրագրողի հարցին, թե այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Նմանատիպ նյութեր