211652_close_icon
views-count1742 դիտում article-date 20:40 24-02-2021

Սյունիքի անվտանգ լինելու մասին Փաշինյանի ասածը ցինիզմ է, թող գնա Սյունիք ու տեսնի ամեն բլրի վրա ծածանվող ադրբեջանական դրոշներն ու վահանակները. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Իշխանությունը պնդում է, թե Սյունիքն անվտանգ է, դա նման է ցինիզմի, և եթե վարչապետն ասում է՝ անլուծելի խնդիրներ չկան, ես նրան առաջարկում եմ գնալ Սյունիք, տեսնել, որ գյուղերից 150 մետրի վրա ադրբեջանցիներ են կանգնած․ դժվար է պատկերացնել՝ անվտանգության այս սպառնալիքներն ինչպե՞ս պիտի հաղթահարվեն, Կապան-Գորիս և Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամին է վերահսկում, և եթե դու զիջում ես անվտանգության գոտին, ինչպիսի՞ երաշխիքների մասին է խոսքը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ զորքերը պետք է կանգնեին իրենց զբաղեցրած դիրքերում, բայց դեկտեմբերի 18-ի հուշագրով հետ քաշվեցինք։ Մենք ստիպված ենք եղել զիջել անվտանգության գոտին։ Այսօր սյունեցին բազմաթիվ առիթներ ունի անհանգիստ զգալու և մտահոգ լինելու, ամեն բլրի վրա թշնամական դրոշներ են ծածանվում, օրվա տարբեր ժամերի պարբերաբար կրակոցներ են հնչում, դա միտված է նրան, որ գյուղերը հայաթափեն՝ մեզ հոգեբանորեն ճնշելով ճանապարհային վահանակներով։ Ճանապարհի վրա կանգնած ադրբեջանցի զինվորն ամեն պահի կարող է հայի գերեվարել»,- ասել է անկախ պատգամավորը:                                                                                                                                 

Ըստ Գրիգորյանի՝ հինգ տարի հետո կողմերից մեկը կարող է չեղարկել պայմանագիրը, հետևաբար՝ մենք հինգ տարում պետք է Սյունիքում նոր ենթակառուցվածքներ ստեղծենք, մինչդեռ պատերազմի ավարտից երեք ամիս անց որևէ քայլ չի արվել. «Ռուսաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները գնալով վատանում են, մենք տապալվում ենք։ Այնպիսի քաոս է, անորոշություն, որ մարդ չի հասկանում՝ հաջորդ քայլը որը կարող է լինել։ Լուրջ ներքաղաքական խնդիրներ ունեցող երկրում, որտեղ խոսվում է ապստամբության և կրակելու մասին, ակնկալվում է՝ ղեկավարը պետք է նվազեցնի լարվածությունը կամ արտաքին գործընկերների մոտ դրական տրամադրվածություն ստեղծի, բայց անում է ճիշտ հակառակը»:

Անկախ պատգամավորի կարծիքով՝ կառավարող թիմը շուրջբոլորը քաոս է սերմանել, և եթե նախկինում խոսում էր ինքնիշխանության վերականգնման և արժանապատիվ կեցվածքի մասին, այսօր գրեթե ամբողջությամբ զիջել է այն. «Այսօր ռուս սահմանապահների ներկայությունը, ռուսական դրոշի առկայությունն է մեր գյուղացիների անվտանգության երաշխիքը։ Երբ բարձրագոչ հայտարարում են, թե ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, մտածե՞լ են՝ իսկ մենք մեր տարածքային ամբողջականության երաշխավո՞րն ենք։ Երբ GPS-ով գալիս ու ասում են՝ սա մեր հողատարածքն է, գյուղացիներն սպասում են, որ իրենց էլ կարող են մոտենալ և ասել, որ դա ադրբեջանական տարածք է»:

Աննա Գրիգորյանի պնդմամբ՝ այս պահին Հայաստանում իշխանություն չկա, մենք ապրում ենք անիշխանության պայմաններում. «Որքան հեռանում ես Երևանից, այնքան անիշխանությունը խորանում է, մարդիկ անորոշության մեջ են, սյունեցիներն ադրբեջանցի զինվորների ուղիղ նշանառության տակ են։ Պետք է նախևառաջ ներքաղաքական ճգնաժամը շուտափույթ հաղթահարել։ Նիկոլ Փաշինյանը գնում է ինքնաոչնչացման ճանապարհով, նա հայտնվելու է ցուգցվանգի մեջ»,- ամփոփել է Աննա Գրիգորյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր