211652_close_icon
views-count15802 դիտում article-date 23:35 24-02-2021

Տիրան Խաչատրյանին պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր՝ Իսկանդերը խնդիր չի ունեցել. Տ. Աբրահամյան

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել, որտեղ նշում էր, թե լրագրողը սխալ է փոխանցել, խեղաթյուրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքը, ով «համարձակվել» էր հակադրվել Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի մասին անպատասխանատու հայտարարությանը։

Հետևանքը սպասեցնել չտվեց՝ Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել՝ հորդորել էր թեմայով չծավալվել։

Ի դեպ, պաշտպանության նախարարն էլ հայտնվեց անհեթեթ վիճակում՝ նախարարությունը հայտարարեց, որ գեներալ Խաչատրյանի խոսքը խեղաթյուրել են, բայց դրան հետևեց վերջինիս ազատումը պաշտոնից։

Ստացվում է՝ չէր խեղաթյուրվել, ուղղակի Պաշտպանության նախարարն ու վարչապետը ինչպես մյուս հարցերով «շունը տիրոջը չի ճանաչում» կարգավիճակում են։

Ափսոս էր գեներալը, ի սկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ»,- գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:

Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:

Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Նմանատիպ նյութեր