211652_close_icon
views-count2279 դիտում article-date 14:04 25-02-2021

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի․ Փաշինյանն ունի անցնցում հեռանալու վերջին հնարավորություն․ ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում Նիկոլ Փաշինյանին կոչ է արվում երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի և անցնցում հեռանալ։ Հայտարարությունը՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին ՀՀ Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, որովհետև մեր իրական թշնամին սահմանից այն կողմ է: Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու:

Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում:

Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն ապահովելու համար»:

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Նմանատիպ նյութեր