211652_close_icon
views-count1274 դիտում article-date 22:54 14-12-2020

Արարատի մարզի Հոգևոր Տեսչությունը հորդորել է Նիկոլ Փաշինյանին՝ անցնցում վայր դնել լիազորությունները

Արարատի մարզի Հոգեւոր Տեսչությունը ողջախոհության կոչ է անում «Իմ քայլը» խմբակցությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ անցնցում վայր դնել լիազորությունները եւ երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից։ Հոգեւոր տեսչության հորդորում, մասնավորապես, նշվում է. «Ողջախոհության կոչ Արցախի եւ նրա խաղաղ բնակչության դեմ սեպտեմբեր 27-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական սանձազերծված պատերազմի ընթացքում երկրում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ օրվա իշխանությունը ձախողել է ՀՀ եւ նրա բնակչության հանդեպ սահմանադրությամբ ստանձնած հանձնառությունները։ Արդյունքում ունեցել ենք մարդկային կյանքի անդառնալի կորուստներ, հազարավոր վիրավորներ, այլեւ թշնամուն են հանձնվել Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար էական նշանակություն ունեցող տարածքներ։ Սա ինքնին նոր մարտահրավերներ է ստեղծում հազարամյակներ շարունակ այս տարածաշրջանում ապրած եւ արարած հայ էթնոսի հետագա գոյության համար։ «Նոր պատերազմ նոր տարածքներ» ինքնավստահ հռետորաբանության վերջնարդյունքը ոչ միայն բազում տարակույսների տեղիք է տվել հասարակության լայն շրջանում, այլեւ շատ հարցեր ցայսօր թողել անպատասխան: Իրավիճակի հաղթահարմանն ուղղված կառավարության քայլերը նույնպես չեն հուսադրում, որ իշխող վարչակազմը ի զորու կլինի հաղթահարելու երկրում ստեղծված ճգնաժամը, կամ թե բավարար միջոցների եւ հնարավորությունների է տիրապետում դրան հասնելու համար «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. Ը. 32)։ Իրականության հետ պետք է առերեսվել: Իրականությունից խուսափումը կամ խուսանավումը օր-օրի ավելի է խորացնելու իշխանության հանդեպ աճող անվստահությունը: Այսօր մեր ազգային անվտանգությունը խարխլված է` թե՛ արտաքինը եւ թե՛ ներքինը... Մեր հավատն ու աղոթքն է, որ 2018 թվականին սերն ու թավիշը նշանաբան դարձրած այսօրվա ՀՀ իշխանությունները սթափ կգնահատեն երկրում ստեղծված կացությունը, վեր կկանգնեն անձնական փառասիրությունից եւ շահադիտական հաշվենկատությունից՝ հայրենիքն ու ազգային շահը դիտելով գերակա, հանուն որի պատրաստ պետք է լինենք զոհելու ամեն ինչ եւ անգամ` ամենաթանկը: Ուստի մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի, ի շահ հայ ժողովրդի վաղվա` «Իմ քայլ» խմբակցությունը վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ իմաստություն եւ կամք գտնի իր մեջ՝ անցնցում վայր դնելու լիազորությունները, երկիրը դուրս բերելու խորացող ճգնաժամից։ Ողջախոհությունը հուշում է, որ ազգային անվտանգությունը, ազգի լինելիության խնդիրը չեն կարող քաղաքական փառամոլ նկրտումների հարց դառնալ ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության համար։ Դիմում եմ իշխող «Իմ քայլը» խմբակցության այն նվիրյալ անդամներին, որոնք ազգին ու ազգայինին ծառայելու վեհ գիտակցությամբ են առաջնորդվել իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում. Սիրելինե՛ր, Պահի հրամայականն է` առաջնորդվել բացառապես գաղափարական համոզումներից դրդված` մեկնակետ ու նպատակ ունենալով հայրենիքի շահը: Ձեր ձայնը բարձրացրեք հանուն ճշմարտության, օգնեք, նպաստեք, որպեսզի ձեր թիմակիցները ճիշտ որոշում կայացնեն, որը թույլ կտա համախումբ ուժերով երկիրը ճգնաժամից դուրս բերել, հաղթահարել համազգային ցավի եւ կորուստի զգացումը, վերստին հառնել հանուն բոլորիս երազած հայրենիքի: Իշխանությունը՝ պատասխանատվություն է։ Եղեք պատասխանատու հայրենի պետականության համար ճակատագրական այս պահին: [b]Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյան ԱՀԹ Արարատի մարզի հոգեւոր տեսուչ[/b]»։

Նմանատիպ նյութեր