211652_close_icon
views-count1869 դիտում article-date 11:54 27-02-2021

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի 33-ամյակի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Սումգայիթ ջարդերի տարելիցի  կապակցությամբ․

«33 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների հրահրման և իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի դեմ կանխավ ծրագրված զանգվածային ջարդեր: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:

Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ և անվտանգ կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման և ինքնորոշման իրավունքի իրականացման մտադրության: Մարդու իրավունքների իրականացման փորձին Ադրբեջանը հակադրեց հավաքական պատժի քաղաքականությունը` քաղաքի հայ բնակչությանը ենթարկելով դաժան խոշտանգումների ու բռնությունների: 

Սումգայիթյան ոճրագործությունը սկիզբ դրեց Ադրբեջանի մյուս քաղաքներում՝ Բաքվում, Գանձակում և այլուր հայերի էթնիկ զտումներին և զանգվածային ջարդերին: Ավելին, նման ոճրագործությունների աներկբա արդարացումը, խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, հայերին սպանելու համար մարդասպանների հերոսացումն իրենց արտացոլումը ստացան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառման միջոցով հանգուցալուծելուն ուղղված ադրբեջանական իշխանությունների ջանքերում:  

Նախորդ տարի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմն ուղեկցվեց հայկական ինքնության դեմ նմանօրինակ հանցագործություններով, այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում: 

Անպատժելիության զգացումով առաջնորդվող ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, որոնք հանդիսանում են զանգվածային ոճրագործություններ, այդ թվում` էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ: Հավատարիմ մնալով ահաբեկչական խմբավորումների իրենց գործելաոճին՝ Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում էին վայրագություններ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, բարբարոսաբար ոչնչացնում պատմամշակութային կոթողներ և պղծում սրբավայրեր: Հադրութում և ադրբեջանական ռազմական վերահսկողության տակ հայտնված Արցախի այլ բնակավայրերում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց գնդակահարությունները հանդիսացան նախկինում իրականացված հանցագործությունների չդատապարտման արդյունք:

Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերին, ևս մեկ անգամ ընդգծում ենք իրենց պատմական հայրենիքում ազատ, անկախ և արժանապատիվ կյանքով ապրելու Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և համայն հայության հաստատակամությունը»:

Նմանատիպ նյութեր