211652_close_icon
views-count2185 դիտում article-date 17:18 01-03-2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է կերամիկական սպասքի արտադրության «Չերամիզիա Ինթերնեշնլ» ՍՊԸ հայ–իտալական ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 27-ին այցելել է կերամիկական սպասքի արտադրության «Չերամիզիա Ինթերնեշնլ» ՍՊԸ հայ–իտալական ընկերություն։

Իտալական «Ստոնուեր» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի ուղեկցությամբ, Էկոնոմիկայի նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական հնարավորություններին և դիտել պատրաստի արտադրանքի նմուշները, որոնք նախատեսված են ինչպես լայն օգտագործման համար (օրինակ՝ ռեստորանների), այնպես էլ կերամիկական սպասքի սիրահար խստապահանջ սպառողների։ Այստեղ յուրաքանչյուր սպասք յուրովի է, իսկ շնորհիվ հատուկ տեխնոլոգիայի՝ այն առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, նաև էկոլոգիապես մաքուր է և բացառապես սննդային:


Գործարանը համալրված է վերջին սերնդի իտալական սարքավորումներով, որոնք եզակի են ոչ միայն հարևան երկրներում, այլև եվրոպական երկրներում: Գործարանի անձնակազմը կամ վերապատրաստվում է Իտալիայում, կամ Իտալիայում վերապատրաստում անցած մասնագետների կողմից: «Չերամիզիան» ավելի շատ արվեստանոց է՝ գործարանային հսկա չափերով, որտեղ հոգատարությամբ ստեղծագործում են իրենց գործում հմտացած մասնագետներ: Հիմնական աշխատողները գեղարվեստի ոլորտի ներկայացուցիչներ են՝ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ, կավագործներ:  Արտադրանքի զգալի մասը ձեռքի աշխատանք է։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ՌԴ և ԱՄՆ։ Բազմաթիվ պատվերներ են լինում նաև հայտնի ապրանքանիշեր ներկայացնող կազմակերպություններից։

Համավարակի պատճառով ընկերության զարգացման ծրագրերի ընթացքը որոշակիորեն դանդաղել է, բայց այստեղ հույս ունեն, որ առաջիկայում կհաջողվի ընդլայնել ինչպես արտադրությունը, այնպես էլ արտահանման շուկաները։ Ներկայումս ընկերությունում աշխատատեղերի քանակը 300-ն է։ Մտադրություն կա 3 փոքր գործարան կառուցել Հայաստանի մարզերում, ընդհանուր 100-150 աշխատատեղով, նաև բացել 8 խանութ Հայաստանում և արտերկրում։

2019 թվականի նոյեմբերին բացված «Չերամիզիա Ինթերնեշնլ» հայ-իտալական ընկերությունն իր արտադրանքն իրացնում է «Արտադրված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայից» պիտակով։

Նմանատիպ նյութեր