211652_close_icon
views-count60561 դիտում article-date 19:22 01-03-2021

Ոստիկանական հատուկ օպերացիա Արարատում. «Ձեր գնացքը գնացել է կամ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի». ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են գողերին ու գողոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ ՝ փետրվարի 28-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ, Արարատի մարզում իրականացրել են  «Ձեր գնացքը գնացել է» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:00-ի սահմաններում Արարատի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարավկովկասյան երկաթգծի էլեկտրագնացքից Արմաշ գյուղից 2 կասկածելի  ուղևորներ են իջել  Արարատ կայարան, որոնց մոտ եղել է մի քանի պարկ: 

Արարատի մարզի ոստիկանները 3 խմբերի են բաժանվել, որոնք ղեկավարել են մարզի ոստիկանապետ Կ. Ցուցուլյանը, Արարատի բաժնի պետ Վ Գրիգորյանը և ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ մասի պետ Հակոբյանը: 

Տաք հետքերով ոստիկանները  Արարատ գյուղի կենտրոնական փողոցից   գողություն կատարելու կասկածանքով  Արարատի ոստիկանություն են բերման ենթարկել  Արարատ քաղաքի բնակիչ,   59-ամյա Գ. Գ.-ին, Արմաշ գյուղի բնակիչ,  42-ամյա Ս. Զ.-ին և 44-ամյա Է. Խ.-ին:

 Արդեն ոստիկանությունում փաստերով հիմնավորվել է, որ  Ս. Զ.-ն և Է. Խ.-ն Արմաշ գյուղի Արցախի փողոցում գործող  անհատ ձեռներեցին պատկանող խանութի պատուհանը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և այնտեղից գողացել 9 տուփ արևածաղիկ, 13 տուփ սուրճ, 4 շիշ կոնյակ, 19 հատ կրակայրիչ, 15 տուփ տարբեր տեսակի քաղցրավենիք, և 655 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:

Գ. Գ.-ն, Ս. Զ.-ն և Է. Խ.-ն կատարվածի մասին բացատրություն  տալուց հետո բաց են թողնվել:
Ոստիկանների կողմից հայտնաբերված  գողոնը ոստիկանները հանձնել են Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանին:

 Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ գողություն կատարող կասկածյալներից Ս. Զ.-ն համայնքապետի ազգականն է:

Ոստիկանները հայտնաբերել են նաև  Volkswagen մակնիշի ավտոմեքենան, որով գողերը գողոնը պետք  է տեղափոխեին:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Խ.-ն նախկինում եղել է դատապարտված, իսկ խանութը,  որը թալանել էին, պատկանում է նույն գյուղի բնակիչ,  48-ամյա Ռոբերտ Զեյնալյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր