211652_close_icon
views-count1534 դիտում article-date 16:01 05-03-2021

Վարուժան Փամբուկչյանը Մինսկի խմբի անդամներին կոչ է արել ողջ պատասխանատվությամբ վերաբերվել ԼՂ հակամարտությանը

Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը մարտի 2-ի սումգայիթյան կոտորածների 33-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ:

Այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: 

«1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական խմբավորումները հարձակվեցին քաղաքի հայ բնակչության վրա՝ սպանելով ու կողոպտելով նրանց տներն առանց ոստիկանության միջամտության: Հաջորդ օրը ՆԳՆ մի փոքր խումբ բռնությունը դադարեցնելու անհաջող փորձ արեց: Հաջորդ օրերին ռազմական դրություն հայտարարվեց և զինված ուժերը հայտնվեցին քաղաքի փողոցներում՝ հաստատելով կարգ ու կանոն: ԽՍՀՄ Գլխավոր դատախազի կողմից կազմված արձանագրության մեջ խոսվում է այդ հակամարտության ընթացքում իրենց կյանքը կորցրած 26 հայերի և 6 ադրբեջանցիների մասին:

Հակամարտության առաջնային պատճառը Ղարաբաղի ինքնորոշման շարժման սկիզբն է: Ի տարբերություն Օսմանյան կայսրությունում 1915-1920թթ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության, այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում և, մինչ օրս դրան հաջորդած տարիների ընթացքում Ղարաբաղում, այն իր արմատներն ունի այն համակարգում, որը ոչնչացրել է ռումինացիների կյանքը և ճակատագրերը Խորհրդային Միության կողմից գրավված ռումինական տարածքում:

Խոսքը վերաբերում է ԽՍՀՄ ներքին սահմանների գծմանը` առանց հաշվի առնելու Միության քաղաքական հայեցակարգից բխող էթնիկական կառուցվածքը և էթնիկական ու կրոնական գաղափարի ժխտումը. ինտերնացիոնալի հայեցակարգը, որը հնացած է համարում էթնիկական և կրոնական հասկացությունները: Դրանց մերժումը հանգեցրեց ողբերգությունների բոլոր տոտոլիտար համակարգերում անկախ դրանց մոնո-էթնիկական կամ բազմաէթնիկական բնույթից, որ այդ ռեժիմները կիսում են:

Ղարաբաղյան հակամարտությունն ու Սումգայիթի ջարդերի նման բռնությունները չեն կարող լուծվել դրանց անտեսմամբ: Դրանք միայն, սերնդից սերունդ, հավերժացնում են ժողովուրդների և կրոնների միջևոչ ռացիոնալ ատելությունը՝ առանց հաշվի առնելու, որ ժողովուրդները բաղկացած են մարդկանցից, ովքեր նորմալ իրավիճակում կարող են համագոյակցել առանց խնդիրների: Այդ իսկ պատճառով, ծայրահեղ բռնություններով լի այդ պահի հիշողությունը չի կարող ինքնուրույն անհետանալ. այն բանից հետո, երբ դրանք հասնում են բռնի փուլի, դրանք հնարավոր չէ լուծել միայն ներգրավված կողմերի ջանքերով: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումը համապատասխան պատասխան է, պայմանով, որ այն պետք է արդյունքներ ունենա:
Ռումինիան հասկացավ, որ էթնիկ պատկանելությունը և կրոնների համատեղ գոյակցությունը առաջընթացի տարր է և ոչ թե հակամարտությունների գեներատոր: Եվ դա արտացոլված է այն փաստաթուղթում, որը հանդիսանում է Մեծ Ռումինիայի կառուցման հիմքը` Ալբա Յուլիայի հռչակագրում: Ամեն անգամ, երբ ժամանակավոր կառավարությունը շեղվում էր դրանից, ռումին ազգը կորցնում էր:
ԽUՀՄ ընդհանուր ճամբար ստեղծեց իր կազմում գտնվող ժողովուրդների համար` կամայականորեն տարածքներ հատկացնելով այս կամ այն «հանրապետություններին», որոնք դրա մասն էին կազմում և տապալեց այն` առաջացնելով հակամարտություններ, որոնք հավերժանալու վտանգ են ներկայացնում՝ առանց հստակ հորիզոնի: Հակամարտություններ, որոնք հավասարապես ոչնչացնում են բոլոր ճամբարների մարդկանց: Հակամարտություններ, որոնցից օգտվում են տարածաշրջանի գերտերությունները` (մեր դեպքում՝ Թուրքիան և Ռուսաստանը) հավասարակշռությունը թեքելով մեկ մի կողմ, մեկ` մյուս ու թեժացնելով հակամարտությունը, ինչպես վերջերս տեսանք, երբ ադրբեջանական բանակը զինվեց թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերով:

Այդ պատճառով մենք համարում ենք, որ Մինսկի խմբի միջնորդական գործընթացի արագացումը ամենակարևոր բանն է, որն այժմ պետք է արվի: Արևելյան Եվրոպայի տարածքը, որը գտնվում է Մերձավոր Արևելքի սահմանին, կրիտիկական նշանակություն ունի բուն Եվրոպայի կայունության համար, և եթե ոչ մարդասիրական, գոնե գործնական պատճառներով, այն պետք է հասնի երկարատև կայունության: Սգալով Սումգայիթում 33 տարի առաջ տեղի ունեցած բռնությունները և մտածելով այն ժամանակ զոհվածների և նրանց ընտանիքների մասին` կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին ողջ պատասխանատվությամբ վերաբերվել կոմունիստական ամբողջ շրջանի ընթացքում ծխացող հակամարտությանը, որը բռնկվել է 1988թ. և կարծես թե չի ավարտվում»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր