211652_close_icon
views-count3064 դիտում article-date 22:43 07-03-2021

Սամվել Ֆարմանյան. Արդյո՞ք Նիկոլը Հայաստանում ունի աջակիցներ ու ովքե՞ր են նրանք

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կիրակնօրյա խոհեր այն մասին, թե ունի՞ արդյոք Նիկոլը Հայաստանում աջակիցներ ու ովքեր են նրանք:

Շարունակում եմ պնդել. իշխանական թիմի մի քանի հարյուր անդամներ, մի քանի հայտնի օլիգարխներ ու թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աջակիցներ չունի: Զոհե՞ր՝ ունի: Աջակիցնե՞ր՝ ոչ: Դա մեծ բլեֆ է, թե նա աջակիցներ ունի: Բլեֆ, որը շարունակում է լարվածության մեջ պահել ու կազմաքանդել Հայաստանը, խեղել արնահոսող մեր ժողովրդին:

Իրականությունն այն է, որ այսօր ոչ միայն Նիկոլը, այլ որևէ մեկը չունի ժողովրդի մեծ կամ զգալի մասի վստահությունը: Ու բոլորիս համար տեսանելի այս իրողությունը պատրանք է ստեղծել, թե Նիկոլն աջակիցներ ունի: Ահա այս պարզ իրողությունից է ծնվել «Նիկոլը շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը» մեծագույն բլեֆը: Մարտիմեկյան «ժողովրդական զանգվածների» բեմականացումը դա հերքող ընդամենը մեկ դրվագ էր:

Անվանենք աջակիցների այդ խմբին իշխանության շահառուներ՝ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ ու ընկերներ: Մեծ հաշվով, անգամ նրանք Նիկոլի աջակիցները չեն: Բառի բուն իմաստով նրանց մեծ մասը պատանդ են Նիկոլի ձեռքում: Մի մասը ստոկհոլմյան սինդրոմով տառապող, մյուս մասը՝ աշխատավայրում ատամները կրճտացնելով անցկացնող, իսկ տանն ու մտերմիկ շրջապատում Նիկոլին ամենավերջին բառերով անիծող ու հայհոյող, քաղաքական իրավիճակի ու ունեցած դերի թելադրանքով՝ ձայնազուրկ պատանդի դերում հայտնված զոհեր:

Հիշե՛ք, նրանք առաջինն ու ամենացավոտը կհարվածեն Նիկոլին, երբ պահը վրա հասնի: Նրանց ձեռքերը բռնել ու բերանները փակել չի լինի, երբ գա Նիկոլի դեմ վկայություններ ու ցուցմունքներ տալու պահը: Ինչու՞: Քանի որ ներսից նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչպես տեղի ունեցավ ազգային այս աղետը: Նրանք բոլորից լավ գիտեն, թե ով ու ինչպես արեց այդ ամենը: Նրանց մարդկային արժանապատվությունը, նրանց մասնագիտական խիղճը բոլորից շատ տրորել է հենց Նիկոլը՝ հռչակելով «ուսապարկեր», ու նրանք իրականում բոլորից շատ են ատում Նիկոլին: Ատում են, որովհետև ապրում են ճշմարտության, արդարության, սեփական խղճի ու արժանապատվության հետ գործարքի գնացածի մաշեցնող հոգեվիճակում: Դեռ Նիկոլի կողքին են օրվա ապրուստից չզրկվելու մղումով կամ կոմպրոմատներով թելադրված: Կողքին են, բայց ատում են: Ատում են, որովհետև նրանց շատ մեծ մասն իսկապես հավատում էր այն արժեքներին, որոնք Նիկոլը խլեց նրանց ձեռքից ու արժեզրկեց ամեն ինչ՝ ժողովրդավարությունից մինչև արդարություն: Նրանք բոլորից շատ են սպասում այն պահին, թե երբ կազատագրվեն Նիկոլի ստրկական ու անբարո ճիրաններից՝ իմքայլական պատգամավորներից մինչև նախարարներ ու մարզպետներ, քննիչներից ու դատախազներից մինչև դատավորներ, ոստիկաններու ԱԱԾ սպաներ: Ատում և սպասում են հույսով ու փաստերի սեփական բանկով՝ անհրաժեշտ պահին ապացուցելու, որ իրենք բնավ էլ Նիկոլի հանցակիցը չեն եղել, որ բոլորի չափ ատել են Նիկոլին, բայց լռել են պաշտոնի ու դերի բերումով:

Նիկոլին չեն աջակցում զինվորականները: Նրան ատում են: Չատել չեն կարող: Նրան չեն աջակցում ու ատում են դիվանագետները: Էլի, չատել չեն կարող: Չեն աջակցում ու ատում են պետական ու համայնքային բոլոր ծառայողները՝ նախարարություններից մինչև համայնքներ: Նիկոլը քայլող հակապետություն է. պետական ծառայողները նրան չատել չեն կարող, քանի որ Նիկոլը նրանց զրկել է իրենց արածի իմաստից՝ պետությունից ու պետական լավ թե վատ բոլոր ավանդույթներից: Միայն այն հանգամանքը, որ ցանկացած կիրթ ու բանիմաց պետական ծառայողի համար ուղղակի անպատվաբեր է իր պետության ղեկին, իբրև իրեն վերադաս, ունենալ անհավաարակշիռ, անճաշակ, անգրագետ ու ինչպես պարզվեց՝ դավաճան մեկին, բավարար է նրան չաջակցելու, նրան ատելու համար: Նրանք բոլորը սպասում են այն պահին, երբ Նիկոլը կգնա: Ճիշտ այնպես, ինչպես խորհրդային կուսակցական ու պետական հսկայական բյուրոկրատիան էր: Որքան էլ ներքուստ վախեցած, սակայն ատում ու շունչը պահած սպասում էր, թե երբ վերջապես կհեռանա Ստալինը:

Նիկոլին իրականում չեն աջակցում նաև նրանք, ում զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները անվանում են «Նիկոլի աջակիցներ»: Սա իրականության գրոտեսկային խեղաթյուրում է: Պատրանք է: Ու մոլորություն է պեղել-գտնել Արցախը Ադրբեջան համարող կամ Շուշին հայկական չհամարող մի քանի խելապակասի, ու նրանց մատնացույց անելով, եզրակացնել, թե Նիկոլը նախ աջակիցներ ունի, ապա ընդհանրացնել ու ասել, թե այդ աջակիցները նման անբարո ու անհայրենիք մարդիկ են: Հավատացնում եմ, որ ցանկության դեպքում, էլ չասած մեզ նման նոկաուտի ենթարկված ու սեփական «հյուսիսն ու հարավը» կորցրած ցանկացած հանրությունում լրագրողները հեշտությամբ նման մարդկանց կգտնեն: Ցանկացած երկրում:

Գալով «Նիկոլի աջակիցներին»... պարզ ու հասարակ, սովորական մարդկանց, ում ես տեսա մարտիմեկյան հրապարակում: Եթե լիներ արդար ու ազնիվ դատարան, ես միայնակ կապացուցեի, որ նրանք Նիկոլի համար մեկ զոհերն են, ոչ թե աջակիցները: Իրականում բոլորիս զոհերն են՝ երեկվա ու այսօրվա իշխանությունների, երեկվա ու այսօրվա ընդդիմության զոհերը: Արդարության ու օրինականության ծարավ մարդիկ: Քրեական ու օլիգարխիկ բարքերից զզված մարդիկ:

Անպաշտպանվածությունից ու անհավասարությունից հոգնած մարդիկ: Հանգամանքների ու պայմանների թելադրանքով կրթություն չստացած ու ոչ բավարար տեղեկացված, պետության ու աշխարհի մասին աղճատված պատկերացումներ ունեցող մարդիկ: Առավոտից երեկո չարքաշ կյանքով ապրող ու աղքատության ճիրաններից ինչ-որ հրաշքով դուրս պրծնելու, լիարժեք կյանքով ապրելու պարզ երազանք ունեցող սովորական մարդիկ: Իրենց էլի ու էլի, մի վերջին անգամ էլ խաբված չզգալու մանկական պարզմիտ ցանկություն ունեցող մարդիկ: Մարդիկ, ում հույսերն ու հույզերը Նիկոլի նման առևտրականը վերածեց ավերիչ ատելության ու չարության, կործանարար նախանձի ու թշնամանքի: Ու այդ ամենը միայն այն պատճառով, որ այդ խեղճ ու կրակ, պարզ ու հասարակ մարդիկ շատերի նման ճարտար լեզու չունեն, որ արտահայտվեն: Խորամանկ ու անբարոյական չեն, որ կասկածեն, հասկանան ու գլխի ընկնեն, որ իրենց երեկվա սիրելի մարգարեն կեղծ էր, իսկ նրանից խաբված ու դավաճանված են: Որ իրենց պարզ հավատն ու վստահությունը Նիկոլը իրենցից էլ աննկատ դարձրել է ատելություն ու չարություն, իրական թշնամուն թողած, ուղղված դեպի սեփական արյունակիցը, սեփական հայրենակիցը:

Հարց է առաջանում՝ մի՞թե այդ մարդիկ չեն տեսնում, թե ինչ ազգային աղետ է բերել Փաշինյանը Հայաստանի ու Արցախի գլխին: Մեզանից շատ ավելի լավ: Անգամ բնազդաբար: Անգամ ենթագիտակցորեն: Ու ոչ միայն տեսնում են: Առաջին հերթին պարզ ու հասարակ մարդկանց երեխաների արյունն է հոսել վերջին պատերազմում: Գնացեք ու մեկ առ մեկ վերհանեք Նիկոլի ձեռքով մատաղ արված շուրջ 5000 երեխաների ընտանիքների պատմությունը: Կասկած չունեմ, որ գրեթե առանց բացառության, բոլորը զրկանքներով ու ծանր սոցիալական պայմաններում ապրած ու մեծացած ընտանիքների երեխաներ էին: Այդ ցանկերում դուք օլիգարխների ու տարատեսակ քաղաքական առևտրականների երեխաներ հավանաբար չեք տեսնի: Հավատացեք, այդ մարդիկ Նիկոլի կողքին չեն: Մեր ժողովրդի այդ շերտը Նիկոլի աջակիցը չէ: Նրանց համար Նիկոլը պարզապես վերջին հույսի, արդարության վերջին ճրագի, ինքն իրեն հիմնավորապես խաբված չզգալու, դառը հիշողություններ արթնացնող անցյալի շատ բարքերին ոչ մի կերպ չվերադառնալու մի կիսամեռ ուրվական է: Ուրվական, որին բռնել ու բաց չեն թողնում անգամ հիմա, որպեսզի արդարության իրենց մարող հույսը հանկարծ իսպառ չանհետանա: Սա է իրականությունը:

Իսկ քանի դեռ մենք՝ ընդդիմադիրներս, այս պարզ ճշմարտությունները մի կողմ թողած, մեր ժողովրդի ամենախաբված այս շերտի, այս մարդկանց հետ խոսելու, նրանց լսելու փոխարեն, նրանց վիրավորում, պիտակավորում ու անվանարկում ենք, այդ խեղճ ու կրակ մարդիկ ավելի ու ավելի են խրվում Նիկոլի արնոտ երախներում՝ հեռացնելով մեր պետության փրկությունը:

Այդ մարդիկ իմն են: Նրանք իմ հարազատներն են, իմ բարեկամներն ու իմ հարևաններն են: Ես այդ մարդկանց ոչ միայն հասկանում եմ, ոչ միայն եղբայրաբար խղճում եմ, այլև նրանց իսկապես սիրում եմ: Գյուղերում ու քաղաքներում: Նաև նրանց, ովքեր ինձ վիրավորել կամ հայհոյել են: Որովհետև ես գիտեմ, թե որտեղից ու ինչպես է ծնվել, զարգացել ու ուղղորդվել նրանց այդ ատելությունը ու իրականում որքան պարզ ու մարդկային ցանկություններ են թաքնված այդ ատելության ու հայհոյանքների արմատներում:

Երբ գա օրն, ու մեր տունը քանդելու փոխարեն սկսենք նորից այն կառուցել, կտեսնենք, որ հենց այդ մարդիկ՝ պարզ ու հասարակ գյուղացին ու քաղաքացին, առաջինն ու ամենանվիրվածը կլծվի մեր մեծ տան շինարարությանը՝ ինքնամոռաց ու անմնացորդ: Ճիշտ այնպես ինքնամոռաց ու անմնացորդ, ինչպես հավատացին Նիկոլի նման հայրենիքի ու արյան վաճառականին՝ հայտնվելով նրա սատանայական ու մահաբեր թակարդում:

Այնպես որ, եթե Նիկոլը Հայաստանում իրական աջակիցներ ունի, ապա թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, որքան էլ զարմանալի թվա, միայն մի քանի հայտնի օլիգարխներ: Օլիգարխներ, որոնց ձեռքում Նիկոլը կեղտոտ մանրադրամ է՝ մեծ ու արդեն արյունոտ փողեր վաստակելու, կուտակած հարստությունը ապօրինաբար բազմապատկելու համար:

Թագավորը մերկ է: Բայց այդ մերկությունը հրապարակավ ի ցույց դնելու համար այդ մեկ «անմեղ երեխան» է պակասում... Այդ իրական այլընտրանքը, որը կկարողանա արթնացնել մեր ժողովրդի բացարձակ, ճնշող մեծամասնությանն ու փրկել հայոց պետականության փշրանքները վերահաս նոր՝ վերջին աղետից ու չդադարող արնահոսությունից»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր