ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ և ԵՏՀ պաշտոնյաների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 9-ից 12-ը գտնվում է Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների զարգացման ծրագիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները և ուղղությունները քննարկելու նպատակով։ Մոսկվայում է նաև Enterprise Armenia հիմնադրամի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Արման Խոջոյանը մի շարք հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) բարձրաստիճան պաշտոնյաների, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, Մոսկվայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Մարտի 9-ին Արման Խոջոյանն առանձին հանդիպումներ է ունեցել ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանի, ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանի հետ։ Քննարկման կարևոր դրույթներից էր պարենային անվտանգության միասնական մոտեցումը ԵԱՏՄ անդամ երկրների միջև։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՌԴ Մոսկվայի մարզի ներդրումների, արդյունաբերության և գիտության նախարար Ելիզավետա Զինովևայի հետ։
Նույն օրը կայացել է Հայաստանի պատվիրակության հանդիպումը Մոսկվայի մարզի Ներդրումների, արդյունաբերության և գիտության նախարարի տեղակալ Անտոն Լոգինովի և Արտաքին տնտեսական գործունեության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսեյ Պլետնևի հետ:
Հանդիպման ընթացքում ռուսական կողմին ներկայացվել են Enterprise Armenia հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգարվման հիմնական գործիքակազմը, ներդրողներին մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցման գործընթացը, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանման խթանմանը միտված աշխատանքները:
ՌԴ Մոսկվայի մարզի արտաքին տնտեսական գործունեության աջակցության հիմնադրամի գործընկերների հետ քննարկվել են համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրատնտեսական կապերի զարգացման նպատակով: Քննարկման առանցքում է եղել նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման և արտահանման աջակցման գործիքակազմը, անդրադարձ է կատարվել համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ գործընկերային կապերը զարգացնելու և հետագա համագործակցության շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: