211652_close_icon
views-count2587 դիտում article-date 23:18 11-03-2021

Փաշինյանը թող հուշագիր կնքի ոչ թե ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի, այլ «Իմ քայլը» խմբակցության 83 պատգամավորների հետ, որ նրանք հանկարծ այլ թեկնածուի օգտին չքվեարկեն. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Արմեն Սարգսյանն իրեն շարունակում է պահել անգլիական դիտորդի կարգավիճակում, աջակցել պետական դավաճանությանը, և եթե նա կարծում է, թե բոլոր հարցերի վերաբերյալ կարող է չեզոքություն պահել, պետք է իմանա, որ ՍԴ չդիմելու համար կրում է անձնական պատասխանատվություն. նախագահը հասկանում է, որ չունի հանրային աջակցություն, փորձում է չեզոք գործոն դառնալ, մինչդեռ նա հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է և պարտավոր է իրականացնել իր մանդատից բխող գործողություններ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Արմեն Սարգսյանն Արցախի հանձնման և այս հայրենադավության համասեփականատերն է, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան։ Սա Ցեղասպանությունից հետո ամենամեծ արհավիրքն էր։ Մեր հարգարժան գեներալները երեկ ընդունեցին մի մարդու, որի հրաժարականն էին պահանջում օրեր առաջ։ Նրանք հավանաբար կպնդեն, թե իբր տեղյակ չեն եղել, որ ստորագրել են կամ ճնշումների տակ են եղել։ Փաշինյանին պետք էր այն պատկերը, որ իր հրաժարականը պահանջող գեներալները շարք են կանգնել իր առջև»,- ասել է պատգամավորը:

Ըստ Զոհրաբյանի՝ ընդդիմությունը պետք է արմատական, բայց ոչ հակասահմանադրական գործողությունների գնա, իսկ Նիկոլ Փաշինյանի օրակարգը բախումներն են. «Մարտի 1-ի հանրահավաքի համար վարչական ռեսուրսի օգտագործումն աննախադեպ էր, Փաշինյանի նպատակը հային հայի դեմ հանելն էր։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվում է ժողովուրդների ապստամբության իրավունքը։ Այն, ինչից օգտվեց Նիկոլ Փաշինյանը և թիմը 2018-ին, երբ ոտքով կոտրեցին Ռադիոտան դուռը, երբ պատանդառել էին ԵՊՀ ռեկտորին, ապստամբության իրավունքն էր։ Ո՞վ է ասել, որ իրենք ունեն ապստամբելու իրավունք, իսկ մյուսները՝ ոչ»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ էլիտաները պետք է որոշեն, թե ով է ապագա իշխանությունը. «Փաշինյանն ունի թաքուն վախեր, նա մտածում է, թե իր հրաժարականի դեպքում ընդդիմությունը թեկնածու կառաջադրի, չի վստահում իր իսկ խմբակցությանը, դա նրա ներքին ֆոբիան է։ Նա Կալիգուլայի և Ներոնի անհասկանալի սիմբիոզ է՝ շատ ավելի թույլ էներգետիկայով։ Փաշինյանը կարողացավ նվաճել անհաջողակ, չսիրված, խնդիրներ ունեցող մարդկանց համակրանքը։ Նա մարդկանց համախմբեց ատելության, թշնամանքի և հայհոյանքի շուրջ։ Փաշինյանը թող ոչ թ ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի, այլ 83 իմքայլականների հետ հավատարմության հուշագիր կնքի, որ նրանք որևէ դեպքում որևէ թեկնածուի օգտին չքվեարկեն»:

ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ այս պարտությունը, Արցախի հանձնումը եղել է պայմանավորված, դա պետք է պարզեն քննիչ հանձնաժողովն ու անկախ դատարանը: «Լինելու է մեր Նյուրնբերգը, սա նախապես ծրագրված պարտություն է եղել, դեպքերի հաջորդականությունը բերում է դրան։ Նիկոլ Փաշինյանը կենսական էներգիա է ստանում մեր հուսահատությունից։ Նա ուզում է լինել երկրորդ Սադամ Հուսեյնը։ Պարտության խորհրդանիշ լինելով ՝ Փաշինյանը հիվանդագին կերպով կառչել է աթոռից»,- ամփոփել է Նաիրա Զոհրաբյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր