211652_close_icon
views-count1793 դիտում article-date 17:51 23-03-2021

Գյումրու Մհեր Մկրտչյանի փոքր բեմը փորձարարական հարթակ՝ նոր գաղափարների համար. կներկայացվի «Ճիչ» բեմադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճը՝ նախատեսված 70 հանդիսատեսի համար, իր ուրույն տեղն ունի քաղաքի մշակութային գունապնակի հարստացման գործում։ Այս բեմում խաղում են թե՛ ճանաչված ու սիրված դերասանները, թե՛ ոլորտում առաջին քայլերն անող սկսնակները։ Բեմը փորձարարական է՝  բաց բոլոր հետաքրքիր  գաղափարների առաջ։

Հերթական ներկայացումն է Մհեր Մկրտչյանի փոքր բեմում․․․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Արշալույսյանը պիես է գրել և բեմադրել, երբ նկատել է, որ հասարակության մեջ կանանց մի ստվար զանգված դժվար է կողմնորոշվում, չի գտնում իր դերն ու դիրքը այս կյանքում։ Պիեսն անվանել է «Ճիչ», որտեղ ճչում է հասարակության կողմից հալածված, երջանկության համար դատապարտվող  կնոջ հոգին։ Արմենը, չնայած խիստ երիտասարդ տարիքին, վեր է հանել մի խնդիր, որը հասարակությունը հիմնականում անտեսում է՝ աչք փակելով երևույթի վրա․

«Մեր կանայք ապրում են երջանիկ․․․ընտրում են այն մասնագիտությունը, այն տղամարդում, որին իրե՞նք են ուզում․․․իհարկե դա այդպես չէ, ինքնախաբեությամբ զբաղվելը հարցի լուծում չէ․․․Եթե ուզում եք երջանիկ լինել՝ փախեք մտքի ծուղակից»,- ասում է «սարքովի» երջանկությունը դատապարտող  երիտասարդ ռեժիսորը։

Պատմությունը հյուսված է 4 կնոջ ներաշխարհի փոթորկումների շուրջ, ովքեր հարցադրում են անում կյանքի իմաստի ու սիրո վերաբերյալ։ Նրանց կյանքը հիմնովին փոխում է ծովից հայտնված տղամարդու կերպարը և փոթորկում նրանց հույզերն ու ապրումները  հիմնովին, այստեղ է, որ հասարակության ճնշումների տակ գալիս է զղջումի, ինքնամեղադրանքի զգացումը և կանայք լքվելու և անտեսվելու վախից նախընտրում են տղամարդուն տեսնել սպանված, բայց իրենց կողքին։

Դերակատարները նույնպես սկսնակ են՝ ռեժիսորի համակուրսեցիները՝  Անահիտ Ղազարյան, Անուշիկ Արիստակեսյան, Մարիամ Խանոյան և Էլենա Սարգսյան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր