211652_close_icon
views-count1701 դիտում article-date 20:04 23-03-2021

Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը. առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել

Առողջապահության նախարարությունը  հոդված է հրապարակել պատվաստանյութերի մշակման և տարածման մասին:

«ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում, մինչև ապահով ու հավասար հասանելիություն:

Մանրէներն ամենուր են` ինչպես մեր շրջապատում, այնպես էլ մեր օրգանիզմում: Երբ ընկալունակ մարդը հանդիպում է ախտածին մանրէի, ապա դա կարող է բերել հիվանդության և նույնիսկ մահվան։

Մարդու օրգանիզմում կան հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմներից՝ ախտածինից (պաթոգեն), պաշտպանվելու բազմաթիվ եղանակներ: Մաշկը, լորձաթաղանթը և թարթիչները (օտար մասնիկները հեռացնող շնչառական ուղիների մակերեսային թարթիչային շերտ) ծառայում են որպես ֆիզիկական պատնեշ՝ առաջին հերթին հարուցիչների մուտքը մեր օրգանիզմ ներթափանցելու համար:

Երբ հարուցիչն ախտահարում է օրգանիզմը, խթանվում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները, այսպես կոչված, իմունային համակարգը, որը հարձակվում և ոչնչացնում է հարուցիչը կամ էլ հաղթում դրան:

Օրգանիզմի բնական արձագանքը

Հարուցիչը մանրէ, վիրուս, մակաբույծ կամ սունկ է, որն օրգանիզմում կարող է առաջացնել հիվանդություն: Յուրաքանչյուր հարուցիչ բաղկացած է մի քանի մասնիկներից, որոնք սովորաբար բնորոշ են տվյալ հարուցիչին և իր հարուցած հիվանդությանը: Հակամարմիններ առաջացնող հարուցիչի մասնիկը կոչվում է հակածին (անտիգեն): Հարուցիչի հակածնին ի պատասխան արտադրվող հակամարմիններն իմունային համակարգի կարևոր մասն են կազմում: Դրանք համարվում են մեր օրգանիզմի պաշտպանական համակարգի զինվորներ: Յուրաքանչյուր հակամարմին կամ զինվոր հրահանգավորված է ճանաչել կոնկրետ մեկ հակածնի: Մեր օրգանիզմում կան հազարավոր այլ հակամարմիններ: Երբ առաջին անգամ մարդու օրգանիզմը ենթարկվում է հակածնի ազդեցությանը, ժամանակ է պահանջվում, որ իմունային համակարգը արձագանքի և կոնկրետ այդ հակածնի նկատմամբ հակամարմիններ արտադրի:

Այդ ընթացքում անձը ընկալում է հարուցիչը և կարող է հիվանդանալ:

Տվյալ հակածնի նկատմամբ հատուկ հակամարմիններ արտադրելուց հետո հակամարմինները համագործակցում են իմունային համակարգի հետ, որպեսզի ոչնչացնեն հարուցիչին և կասեցնեն հիվանդությունը: Մեկ հարուցիչի նկատմամբ արտադրված հակամարմինները սովորաբար չեն պաշտպանում այլ հարուցիչից՝ բացառությամբ, երբ երկու հարուցիչ չափազանց նման են, ինչպես զույգ եղբայրները: Երբ օրգանիզմն առաջին անգամ հանդիպած հարուցիչի նկատմամբ հակամարմիններ է արտադրում, այն նաև ստեղծում է հակամարմիններ արտադրող հիշողության բջիջներ, որոնք մնում են կենդանի նույնիսկ այն դեպքում, երբ հակամարմինները ոչնչացնում են հարուցիչին: Եթե օրգանիզմը մի քանի անգամ է հանդիպում նույն հարուցիչին, հակամարմիններն ավելի արագ ու արդյունավետ են արձագանքում, քան առաջին անգամ, քանի որ հիշողության բջիջներն արդեն պատրաստ են տվյալ հակածնի դեմ արտադրելու հակամարմիններ:

Սա նշանակում է, որ հետագայում, եթե մարդը հանդիպում է այդ վտանգավոր հարուցիչին, ապա նրա իմուն համակարգը կարողանում է անմիջապես արձագանքել՝ պաշտպանելով մարդուն հիվանդությունից:

Երբ մեր օրգանիզմ ներթափանցում է նոր հարուցիչ կամ հիվանդություն, դրանց հետ օրգանիզմ է թափանցում նոր հակածին։ Ամեն անգամ, երբ օրգանիզմը հանդիպում է նոր հակածնի, նա ձգտում է արտադրել նոր հակամարմին, որը կարող է կապվել հակածնին, որպեսզի ոչնչացնի հիվանդություն առաջացնող հարուցիչին։

Ինչպե՞ս են օգնում պատվաստանյութերը

Պատվաստանյութերը պարունակում են կոնկրետ միկրոօրգանիզմի (հակածնի) թուլացած կամ ոչ ակտիվացված մասնիկներ, որոնք օրգանիզմում առաջացնում են իմունային պատասխան: Նոր պատվաստանյութերը պարունակում են հակածին արտադրելու ծրագիր, ոչ թե հակածին: Անկախ նրանից, թե պատվաստանյութը ստեղծված է հակածնից կամ նա պարունակում է հակածին արտադրելու ծրագիր, այդ թուլացված տարբերակը պատվաստվող մարդու մոտ չի առաջացնում հիվանդություն, սակայն կստիպի իմուն համակարգին արձագանքել այնպես, ինչպես կարձագանքեր տվյալ հարուցիչին առաջին ներգործության ժամանակ:
Որոշ պատվաստանյութեր պահանջում են բազմակի դեղաչափերի ներմուծում`մի քանի շաբաթ կամ ամիս ընդմիջումներով: Սա երբեմն անհրաժեշտ է երկարակյաց հակամարմիններ արտադրելու և հիշողության բջիջներ ձևավորելու համար: Այս կերպ կուտակելով հակածնի նկատմամբ հիշողություն, օրգանիզմը սովորում է պայքարել կոնկրետ հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմների դեմ, որպեսզի հակածնի ներգործության ժամանակ կարողանա արագ ոչնչացնել։

Հավաքական (կոլեկտիվ) իմունիտետ

Երբ մարդը պատվաստված է, հավանականությունը մեծ է, որ նա պաշտպանված է տվյալ հիվանդությունից: Սակայն, ոչ բոլորը կարող են պատվաստվել: Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց իմուն համակարգը (օրինակ՝ քաղցկեղ կամ ՄԻԱՎ վարակ) թուլացած է կամ պատվաստանյութի որոշ բաղադրիչների հանդեպ ծանր ալերգիա ունեցողները, հնարավոր է չկարողանան ստանալ որոշ պատվաստումներ: Սակայն այս անձինք կարող են պաշտպանված լինել այն դեպքում, եթե նրանք ապրում են պատվաստվածների միջավայրում: Երբ համայնքի բնակիչների մեծամասնությունը պատվաստված է, հարուցիչը դժվար է շրջանառվում, քանի որ համայնքի մարդկանց մեծամասնությունը նրա նկատմամբ ունի անընկալություն: Հետևաբար, որքան շատ մարդ է պատվաստված, այնքան քիչ հավանական է, որ մարդիկ, ովքեր չեն կարող պաշտպանվել պատվաստումներով, կենթարկվեն վնասակար հարուցիչների ազդեցությանը:

Սա կոչվում է կոլեկտիվ իմունիտետ, ինչը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ոչ միայն չեն կարող պատվաստվել, այլև կարող են ավելի ընկալունակ լինել այն հիվանդությունների նկատմամբ, որոնց դեմ ուղղված են պատվաստումները:

Ոչ մի պատվաստանյութ չի ապահովում 100% պաշտպանություն, և կոլեկտիվ իմունիտետը նույնպես չի ապահովում լիարժեք պաշտպանություն նրանց, ովքեր չեն կարող անվտանգ պատվաստվել։

Մինչդեռ կոլեկտիվ իմունիտետի պարագայում այդ մարդիկ էապես պաշտպանված կլինեն՝ իրենց շրջապատող պատվաստված անձանց շնորհիվ:

Պատվաստանյութերը պաշտպանում են ոչ միայն պատվաստված անձանց, այլև համայնքի այն բնակիչներին, ովքեր չեն կարող պատվաստվել:

Եթե Դուք չունեք հակացուցում, ապա պատվաստվե՛ք:
Պատմության ընթացքում մարդիկ հաջողությամբ ստեղծել են պատվաստանյութեր, կյանքի համար վտանգավոր մի շարք հիվանդությունների դեմ, այդ թվում՝ մենինգիտի, փայտացման, կարմրուկի և պոլիոմիելիտի դեմ:

1900-ականների սկզբին պոլիոմելիտը տարածված էր ամբողջ աշխարհում, հաշմանդամ դարձնելով հարյուր հազարավոր մարդկանց։ 1950-ականներին արդեն ստեղծվել էին երկու արդյունավետ պատվաստանյութ այդ հիվանդության դեմ։ Սակայն աշխարհի որոշ երկրներում, մասնավորապես Աֆրիկայում, պատվաստումները դեռևս բավականաչափ լայնորեն չէին կիրառվում, որպեսզի կանխեին պոլիոմիելիտը: 1980-ականներին սկիզբ դրվեց աշխարհում պոլիոմիելիտի արմատական վերացման գործընթացին։

Տասնամյակներ շարունակ բոլոր մայրցամաքներում իրականացվել են պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ՝ ինչպես պլանային, այնպես էլ զանգվածային արշավների տեսքով: Պատվաստվել են միլիոնավոր մարդիկ։

2020 թվականի օգոստոսին Աֆրիկա մայրցամաքը ստացել է վայրի պոլիովիրուսից ազատ կարգավիճակի հավաստագիր՝ միանալով աշխարհին, բացի Պակիստանից և Աֆղանստանից, որտեղ պոլիոմիելիտը դեռ չի վերացել»։

Նմանատիպ նյութեր