211652_close_icon
views-count2201 դիտում article-date 23:22 31-03-2021

Առողջապահության նախարարը հուսով է, որ մինչև Covid-ի հաջորդ ալիքը ՀՀ-ն կազմակերպած կլինի պատվաստումների գործընթացը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուսով է, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը վերջինն է, և մինչև հաջորդ ալիքը երկիրը կազմակերպած կլինի պատվաստման գործընթացը և ավելի լավ պատրաստված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց  «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը:

Ավանեսյանը խոսեց Հայաստանում համաճարակային իրավիճակից: «Մենք այսօր Հայաստանում խոսում ենք համավարակի երրորդ ալիքի մասին, ունենք ավելացող թվեր: Հուսով եմ, որ սա վերջին ալիքն է, և մինչև հաջորդ ալիքը մենք կկարողանանք կազմակերպել պատվաստման գործընթացը և ըստ էության ավելի լավ պատրաստված կլինենք գալիք շրջանին: Կուզենայի պարզապես շեշտել սահուն և արագ պատվաստման գործընթացի կարևորությունը՝ հատկապես զարգացող երկրներում, ինչպես Հայաստանն է: Այդ երկրներն անում են հնարավոր ամեն ինչ, աշխատում են բոլոր մակարդակներում, որպեսզի կարողանան բնակչության համար ապահովել պատվաստումը»,-ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ Covax հարթակի միջոցով Հայաստան է ժամանել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը: «Գալիք 2-3 օրերի ընթացքում մենք պատրաստ կլինենք շատ ավելի  մասշտաբային պատվաստումների: Մինչև դա ունեցել ենք ռուսական Սպուտնիկ V-ի խմբաքանակ: Ունենք նաև այլ ակնկալիքներ ևս»,-նշեց նա:

Ավանեսյանը վստահեցրեց, որ պետությունը պատվաստումը համարում է որպես այս մարտահրավերը հաղթահարելու հիմնական միջոց: Նախարարը նկատեց, որ վախը և այս իրավիճակից հոգնածությունն ակնհայտ է դառնում, մարդիկ հոգնել են մեկուսացումից, դիմակներից և բոլոր պահանջներից: «Եվ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ կարողանանք ներկրել հնարավորինս մեծ քանակով պատվաստանյութ և ապահովել բնակչության հնարավորինս մեծ ծածկույթ՝ որակյալ պատվաստանյութով»,-ասաց նա:

Ավանեսյանը խոսեց նաև հակավակցինացիոն շարժման մասին, որը վերաբերելու է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ աշխարհին: Նա սա լուրջ մարտահրավեր համարեց առողջապահության ոլորտի մասնագետների համար: «Մենք փորձում ենք ուժեղացնել մեր քարոզարշավները, իրականացնել իրազեկման աշխատանքներ, ներկայացնել ստուգված փաստեր, որպեսզի չունենանք իրավիճակ, որ ունենանք պատվաստանյութ, բայց չունենանք բնակչություն, որը չի ցանկանում պատվաստվել»,-նշեց նախարարը:

Նմանատիպ նյութեր