211652_close_icon
views-count1158 դիտում article-date 16:20 14-04-2021

ԿԳՄՍՆ-ն կաջակցի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին` Գեղագիտության կենտրոնի հետ համագործակցելով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդներին  մշակութային կյանքին մասնակից դարձնելու նպատակով  քննարկումներ է իրականացնում Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ընդգծեց, որ առկա է հաշմանդամություն ունեցող երիտասարդների մշակութային կյանքի ապահովման խնդիր: Ըստ փոխնախարարի՝ անհրաժեշտ է անել հնարավորը, որ նրանք միայն չլինեն մշակութային միջոցառումների պասիվ ունկնդիրներ, այլև ակտիվ մասնակցեն դրանց:

«Հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելու նպատակով քննարկումներ ենք իրականացրել Գեղագիտության ազգային կենտրոնի հետ: Կենտրոնն ունի ներառական նախագծերի իրականացման հաջող փորձ: Բրիտանական խորհրդի աջակցությամբ նրանց ներառական ներկայացումը շրջեց շատ երկրներում: Ցանկանում ենք, որ կենտրոնը դառնա ընդհանուր ներառական ծրագրերի համակարգող կառույց և մեթոդական աջակցություն ցույց տա, փորձի փոխանակում իրականացնի այլ մշակութային հաստատությունների հետ»,- ասաց նա:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանդիպել են նաև «Զինվորի տուն» կենտրոնի ղեկավարության հետ: «Շատ կարևոր է, որ այն ներառական ծրագրերը, որոնք ներկայացվում են, ուղեկցվեն նեղ մասնագիտական երաշխավորական նամակներով և մեթոդական աջակցությամբ, որովհետև կան մարդիկ, ովքեր ուզում են հաշմանդամություն ունեցող զինվորների համար մշակութային ծրագրեր իրականացնել, բայց չեն տիրապետում այն առանձնահատուկ սկզբունքներին, որոնք գիտականորեն մշակված են»,- շեշտեց Խզմալյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Գեղագիտության կենտրոնի հետ նաև համայնքային ակտիվ գործունեություն են նախատեսում: Արդեն իսկ մի ծրագիր իրականացրել են Բերդում: Մանրամասները կհայտնեն հետագայում: «Բարեբախտաբար, կենտրոնը ղեկավարում է մի մարդ, որի ճաշակին, նվիրումին ու պրոֆեսիոնալիզմին կասկածել դժվար է: Եթե կա պրոֆեսիոնալ տնօրեն, ապա գործի կեսն արդեն արված է»,- նշեց Խզմալյանն ու հավելեց, որ 2021-ին  որոշակի փոփոխություններ են իրականացրել ՊՈԱԿ-ների մասին օրենքում, որը հնարավորություն է տալիս խիստ լինել տնօրեններին ընտրելիս: Օրենքի ուժ է ստացել տնօրենների ընտրության հարցազրույցի փուլը:

Նմանատիպ նյութեր