211652_close_icon
views-count1450 դիտում article-date 16:54 15-04-2021

ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրության հասեցագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը: 

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքի վրա՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: 

Երկուստեք կարևորվեց հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ՝ համապատասխան միջազգային ներգրավմամբ: 

Նախարար Այվազյանն ընդգծեց, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև հայկական քրիստոնեական ժառանգության թիրախավորմամբ և Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների փառաբանման համատեքստով «ցուցադրություններով», ուղիղ մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված միջազգային ջանքերին: 

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը ՀՀ ԱԳ նախարար Այվազյանին ներկայացրեց Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և դրա շրջանակներում ունեցած հանդիպումների տպավորությունները: Երկուստեք ընդգծվեց սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության կարևորությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր