211652_close_icon
views-count2172 դիտում article-date 17:14 20-04-2021

Հայրենական արևմտամետները, իշխանության հրահանգով կամ լուռ համաձայնությամբ, երեկվանից հակառուսական նոր հիստերիա են բարձրացրել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության քվեարկության առթիվ. Միքայել Մինասյան

Հայրենական արևմտամետները, իշխանության հրահանգով կամ լուռ համաձայնությամբ, երեկվանից հակառուսական նոր հիստերիա են բարձրացրել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության քվեարկության առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ եք ուզում, որովհետև ձեր քայլերում և գործողություններում կա խորը ողբերգություն։ Նախ, հուսով եմ տեղյակ եք, որ դուք Արևմուտքին պետք չեք։ Պետք չեք ո՛չ որպես քաղաքական ուժ, ո՛չ որպես տեսակ։ Առհասարակ, Հայաստանն էլ պետք չէ, բայց դրա մասին ավելի մանրամասն՝ մեկ այլ առիթով: Երկրորդի ապացույցն այսօրվա մոռացված ժողովրդավարությունն ու արնահոսող ժողովուրդն է, իսկ առաջինինը՝ ձեր կարգավիճակը. լինելով արևմտամետ, ամբողջ ուժով սատարում եք Հայաստանի պատմության մեջ ամենառուսահպատակ ղեկավարին, ով ամբողջ ուժով լիզում է ռուսի կոշիկները։ Ի դեպ, նկատե՞լ եք, որքան շատ եք ավելացնում հակառուսականության քարոզը, այնքան շատ են ստիպում ոչնչությանը լեզուն բանեցնել։

Ցավոք, ժպիտ են առաջացնում նաև հայրենի ռուսամետները, որոնք կատաղի հարձակվել են հակառուսների վրա ԵԽԽՎ բանաձևի քվեարկության առթիվ՝ փորձելով ապացուցել, որ Ռուսաստանը չէր կարող կողմ քվեարկել, որովհետև նիստի օրակարգում ներառված էին հակառուսական ձևակերպումներ։ Ռուսամետները փորձում են միջխորհրդարանական դիվանագիտության տրամաբանությունը բացատրել դեբիլներին։ Մինչդեռ դուք էլ պակաս միամիտ չեք, քանի որ պաշտպանում եք Ռուսաստանին Նիկոլի ստրուկներից՝ նպաստելով Հայաստանի «николайիզացիային»։

Ի դեպ, վատ լուր ունեմ նաև ձեզ համար. դուք էլ Ռուսաստանին պետք չեք ո՛չ որպես քաղաքական ուժ, ո՛չ որպես տեսակ։ Իրականությունն այլ է. և՛ ռուսները և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր։ Եվ քանի որ կողմերից ոչ ոք դեռ չունի ստատուս քվոյի փոփոխության ցանկություն, իսկ մենք շարունակում ենք տեսնել ու չհասկանալ, մնացածը քաղաքական ինքնախաբեություն է կամ ինքնաբավարարում։ Ոնց կուզեք։

Եթե նկատել եք, միջազգային ատյաններում պայքարելու և պատին կամ շերեփին դեմ առնելու մեր ոգևորությունն ու հիասթափությունը նոր չէ։ Խրիմյան Հայրիկից մինչև անտերի դեմքով ԵԽԽՎ-ում միայնակ ակցիա անող Էդմոն, մենք՝ հայերս, չհասկացանք կարևոր մի բան. պետություններն ունեն սեփական շահեր և հաջողելու միակ բանաձևը շահերի համադրումն ու համատեղ անդադար և հետևողական աշխատանքն է։ Իսկ դրա համար պետք է կրթություն, պրոֆեսիոնալիզմ, փորձ, մարդկային կապեր, բազմաշերտ հարաբերություններ, անդադար աշխատանք, դիվանագիտական հետևողականություն։ Մի խոսքով՝ հատկանիշներ, որոնք արդեն 3 տարի ընկալվում են առավելագույնը որպես «ավելորդ շքեղություն»։

Ու հենց այդ պատճառով ստացել են անհասկանալի հարաբերությունների մի լաբիրինթ, որտեղ Ռուսաստանին ատող Նիկոլը դարձավ Ռուսաստանի ստրուկ, Նիկոլից զզվող արևմտամետ ՀԿ-ները դարձան ռուսի ստրուկ Նիկոլին սատարողներ, ռուսամետ քաղաքական ուժերն աջակցում են Ռուսաստանին, որն էլ իր հերթին պահում է Նիկոլին, թեև զզվում է հեղափոխականներից։

Իսկ Հայաստանն այդ ընթացքում արնահոսում է՝ տալով 5000 զոհ, կորցնելով Արցախը, սեփական որդիների թողնելով անտառներում ու Բաքվի բանտերում։ Եվ այդքանից հետո դուք արդեն երկրորդ օրն է քննարկում եք երրորդական կազմակերպության չորրորդական նշանակության քվեարկության անիմաստ արդյունքը»,- գրել է Միքայել Մինասյանը:

Նմանատիպ նյութեր