211652_close_icon
views-count1924 դիտում article-date 14:02 24-04-2021

ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդոն Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում որդեգրելը էական է համարում ավտորիտար ռեժիմների կողմից ճշմարտությունը խեղաթյուրելու և հասարակությունները բևեռացնելու փորձերը կանխելու տեսակետից:

Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում:

«Կան օրեր, որոնք մնացածից առավել են մեզ հիշեցնում այն սարսափելի անկումը, որին ընդունակ է մարդու բնույթը։ Եվ հենց նույն այդ օրերին է, երբ մենք ունենում ենք հույսի կայծ, ավելի խորը իմաստ փնտրելու, դասեր քաղելու կարևոր առաջադրանքը, ինչը մեզ օգնում է ստեղծել մեր ապագան և վստահ լինել որ որոշ իրադարձություններ այլևս երբեք չեն կրկնվի։

Այսօր այդ օրերից մեկն է, և ինձ համար պատիվ է դիմել ուղիղ Ձեզ, ինչը ես անում եմ խոնարհությամբ և զգացվածությամբ։ Ապրիլի 24-ին մենք նշում ենք Ցեղասպանության հիշատակի օրը, հիշում ենք այն վայրագությունները, որոնցով անցել է հայ ժողովուրդը։ Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին՝ Ցեղասպանություն, որը բարբարոսական հետևողականությամբ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից՝ սկսած 1915 թվականից»,- նշել է նա։

ԵԽ փոխնախագահն իր համերաշխությունն է հայտնել բոլոր հայերին ու ողջ մարդկությանը՝ կոչ անելով միանալ հայ ժողովրդին և միասին հարգել ոչ միայն այս, այլև բոլոր մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ «Սա կարևոր հնարավորություն է տալիս անդրադառնալ պատմական գիտելիքի և հիշողության անհրաժեշտությանը։ Նման օրերն իսկապես կարևոր են, քանի որ մեզ հիշեցնում են, որ պետք է ողջ ուժով պայքարել խտրականության, ատելության ցանկացած դրսևորման դեմ՝ անցյալ կամ ներկա, անհրաժեշտ է ակտիվորեն և ճիշտ ժամանակին ընդդիմանալ ցանկացած ցեղասպան քաղաքականության` լինի այն նոր սաղմնավորվող, թե արդեն ի ցույց դրված։ Արդարության և հաշտեցման, ինչպես նաև մարդկային հանրության պատմության ընթացքում Ցեղասպանությունների թողած խոր վերքերի ամոքման ճանապարհն առաջին հերթին պահանջվում է Ցեղասպանության հանցանքի միանշանակ ճանաչում։ Այդ իսկ պատճառով ես ԵՄ անդամ բոլոր երկրներին կոչ եմ անում ընդունել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենքներ։ Այսօր Թուրքիան նույնպես շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Այս պահին ընդամենը 30 երկիր է 1915թ իրադարձությունները ճանաչում այնպես, ինչպես դրանք իրականում եղել են։ Մենք պետք է անենք ավելին։ Ճանաչումը միայն ձևական գործողություն չի, այն ունի շատ ավելի բացառիկ կարևորություն․ լռությունը, երկմտանքը, կեղծավորությունը խարխլում է ժողովրդավարության հիմքերը»,- հայտարարել է Կաստալդոն։

Նա կարևորել է կրթությունը՝ որպես ապագայում նմանօրինակ ողբերգությունները կանխելու գործիք: «Մարդկության սարսափելի էջերը ոչ միայն պետք է հիշվեն, այլև պետք է խորությամբ ուսումնասիրվեն։ Ես մեծապես հավատացած եմ, որ Հայոց ցեղասպանության նման իրադարձությունները՝ ատելության և բռնությունների կանխարգելմանն ուղղված այլ թեմաների հետ մեկտեղ, պետք է պարտադիր կերպով դառնան դպրոցների ուսումնական ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդօրինակ իրադարձությունները վերջին տարիներին գնալով ավելին հաճախ են գրանցվում մեր հասարակություններում և կարող են դադարեցվել միայն հանդուրժողականության, գիտելիքի և կրթության միջոցով»,- նշել է ԵԽ փոխնախագահը։

Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի հնարավորություն կունենա ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ: Կաստալդոն վերահաստատել է իր անսասան բարեկամությունը և համերաշխությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր