211652_close_icon
views-count1433 դիտում article-date 11:12 27-04-2021

Պատի տակի խոսակցություններ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեք տարի առաջ այս օրերին տասնյակ հազարավոր հայեր Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս էյֆորիայի մեջ էին՝ վերջապես հաջողվեց ազատվել իներտ, անարդյունավետ, կոռումպացված ռեժիմից, որը խոչընդոտում էր մեր զարգացմանը: Ուրախությունն անկեղծ էր, նույնքան անկեղծ ու սրտաբուխ էին հեղափոխությանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մարդկանց գործողությունները փողոցներում: Բացարձակապես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե մարդիկ սխալվել են, կամ՝ որ նրանց խաբել են: Հեղափոխություն անելը սխալ չէր, իսկ հեղափոխության կազմակերպիչները մտադրություն չունեին որեւէ մեկին խաբելու: Այն, ինչ պիտի քանդվեր, քանդվեց:

Բայց «քանդող բրիգադը» չկարողացավ որեւէ բան կառուցել: Քաղաքացիները՝ ճնշող մեծամասնությամբ, իշխանության բերեցին մի մարդու, որը չունի ոչ մի հատկանիշ՝ երկիրը ղեկավարելու համար. նա չկարողացավ ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, չկարողացավ արդյունավետ միջոցներ ձեռնարկել համավարակի դեմ, չկարողացավ առաջընթաց ապահովել տնտեսության կամ որեւէ այլ բնագավառում:

Խնդիրն այն է, որ Փաշինյանը չէր էլ մտածում այդ ուղղությամբ. նա իր պարտականությունները տեսնում էր այլ տեղում՝ ամեն օր կամ օրը մեջ երեւալ էկրանին, ինչ-որ դատարկ, վերացական, բայց ոգեւորիչ բաներ ասել (օրինակ, «թասիբը պիտի եռա» կամ «Հայաստանն ունի՛ ապագա») եւ ամեն օր ինչ-որ թիրախ գտնել՝ «քլնգելու» համար: Որպես որոշակի ժանրի լրագրություն, դա միանգամայն ընդունելի է, նույնիսկ հետաքրքիր, իսկ որպես կառավարման ձեւ՝ կործանարար: Հիմա էլ վարչապետի պաշտոնակատարը չի հասկանում, թե ինչ է արել եւ չի խոստովանում, որ ձախողվել է:

Բայց նույնքան դատարկ են այն խոսակցությունները, թե իբր հեղափոխությունը հատուկ կազմակերպված էր՝ երկիրը քանդելու կամ Արցախը հանձնելու համար, եւ որ Փաշինյանը հատուկ ներդրված է, որպեսզի իրականացնի մեր թշնամիների ծրագրերը: Դրանք որեւէ փաստացի հիմք չունեցող պնդումներ են եւ ինձ համար նույնպիսի «պատի տակի խոսակցություններ» են, ինչպիսին էր «Սաշիկի 50/50»-ը: Ապաշնորհ, ձախողված ղեկավարը մի բան է, «դավաճան»-ը՝ բոլորովին այլ բան: Այդ պիտակն, իմ կարծիքով, բնութագրում է ոչ այնքան որեւէ անձին, այլ պետությանը՝ դրա որակը եւ դրա հեռանկարը:

Սկսվում է ընտրարշավը, որի առանցքն է լինելու Փաշինյանի կամ Քոչարյանի հասցեին հնարավորինս շատ ատելություն գեներացնելը: Իմանալով երկուսին էլ՝ չեմ ակնկալում, որ կողմերը կոռեկտ կլինեն իրար նկատմամբ: Բայց աղոտ հույս ունեմ, որ քաղաքական գործիչները եւ քարոզիչները չեն շռայլելու պետությունը վարկաբեկող պիտակներ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր