211652_close_icon
views-count29716 դիտում article-date 22:33 27-04-2021

Ավազակային հարձակում Ազատության հրապարակում. դանակով հարվածել են 2 անչափահաս տղաների, իսկ 3-րդից էլ հափշտակել բջջային հեռախոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչներ,  16-ամյա Ռ. Ղ.-ն, 13-ամյա Գ. Հ.-ն, 16-ամյա Մ. Փ.-ն գտնվելիս են եղել  Ազատության հրապարակում և  երեխաներին է մոտեցել մի անծանոթ երիտասարդ ու Ռ. Ղ.-ից խնդրել բջջային հեռախոսը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մերժում ստանալուց հետո անծանոթը սկսել է վիճաբանել նշված անձանց հետ և այդ ժամանակ  դանակով հարվածել է Գ. Հ.-ի և Մ. Փ.-ի ձեռքերին, որից հետո դանակի սպառնալիքի տակ Ռ. Ղ.-ից հափշտակել է «Սամսունգ» տեսակի  բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:

 Ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են  կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 17-ամյա տղա է:

 Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին,  հափշտակած հեռախոսն  ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր