211652_close_icon
views-count37738 դիտում article-date 20:22 06-05-2021

Արտակարգ դեպք Երևանում. Տերյան փողոցում Վիլիսը բախվել է թիթեղյա պաշտպանիչ պարսպին և 12մ բարձրությունից ընկել ապառաժ քարերի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վիլիս մակնիշի ավտոմեքենան Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  Տերյան փողոցում կատարվող շինարարության համար որպես անվտանգության պատ տեղադրված  թիթեղյա պարսպին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել շինության համար փորվող փոսի մեջ՝ ապառաժ քարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը:

 Ժամանել է նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել ե նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը  տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի  պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Վարորդին առաջինը օգնության են հասել նշված վայրում շինարարական աշխատանքներ  կատարողները, ովքեր մինչև շտապօգնության  ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր