211652_close_icon
views-count114084 դիտում article-date 16:46 08-05-2021

Պարզվել է այսօր Երևանում հրազենի կիրառմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը. նրանք հարազատ եղբայրներ են և վերջերս էին Ավստրիայից ժամանել Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբջանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վիրավորը, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, եղել է հրազենային վնասվածքով։ Նա Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանն է, իսկ սպանվածը Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և շաբաթներ առաջ էին Ավստրիայի Հանրապետությունից, որտեղ նրանք բնակվում էին Վիեննա քաղաքում, ժամանել Հայաստան։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ էին հնչել Երևանում:

Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել:
 
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։

Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Պողոսյանը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել էին տղամարդու դի:
 
Դեպքի վայրում հայտնաբերվել էին ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:
 
Հայտնաբերվել էր նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ էլ հայտնաբերվել էր բիտա:
 
Դեպքի վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Վ. Ավագյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 400+
400+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր