211652_close_icon
views-count3165 դիտում article-date 22:22 09-05-2021

Վահրամ Աթանեսյան. 1992-ի ապրիլի վերջերին եմ Ռոբերտ Քոչարյանից որպես մեծագույն գաղտնիք լսել, որ նախապատրաստվում է Լաչինի միջանցքի բացումը

«1992-ին ,,Խորհրդային Ղարաբաղ,, թերթը, որի սեփական թղթակիցն էի, դադարեց: Հիմնադրվեց ,,Արցախ,, պաշտոնաթերթ՝ կրճատված աշխատակազմով: Գլխավոր խմբագիր երջանկահիշատակ Մաքսիմ Հովհաննիսյանից հասարակական-քաղաքական բաժնի խմբագիր աշխատելու առաջարկություն ստացա եւ ընդունեցի», իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:
 
«Ֆորմալ աշխատանքի էինք, բայց թերթը լույս չէր տեսնում: Ապրիլի վերջերին, ստույգ չեմ հիշում, երեւի Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվանից տասը օր հետո էր, մեր գյուղ եկան Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը՝ Խաչենի ինքնապաշտպանական գումարտակ համախմբելու հարցով:
 
Այդ օրն եմ Ռոբերտ Քոչարյանից որպես մեծագույն գաղտնիք լսել, որ նախապատրաստվում է խոշոր ռազմագործողություն՝ Շուշի-Լաչին-Հայաստանի հետ միջանցքի բացում: Վստահեցրեց, որ մեկ ամիս հետո Ստեփանակերտում տոմս եմ գնելու, ավտոբուսով գնալու եմ Երեւան՝ Գերագույն խորհրդի նիստին մասնակցելու: Մայիսի վերջերին Երևան հասա ռազմավար ԿամԱԶ-ով եւ գյուղ բերեցի տասը տոննա առաջին տեսակի ալյուր: Երկու տոննան հատկացրինք ինքնապաշտպանական ջոկատին, մնացածը գրամ առ գրամ բաժանեցինք:
 
Շշմեցնող ազդեցություն էր: Պաշարման օղակը ճեղքված էր: Երեկ նույն ճանապարհին հինգ տեղ ռուս խաղաղապահները կանգնեցրին, փաստաթուղթ, բեռնախցիկ ստուգեցին՝ ոչինչ: Բայց Աղավնոյի մեր նախկին անցակետում կես ժամ սպասել տվեցին՝ մինչեւ թշնամու զինվորական շարասյունը կանցներ: Ահավոր ծանր էր:
 
Այսօր Ռոբերտ Քոչարյանը Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել: Կուզենայի, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում լիներ՝ Արցախի մյուս բոլոր հերոսների հետ: Կարծում եմ, դա շատ ավելի կոգեւորեր արցախցիներիս: Չգիտեմ: Խառը ստացվեց, բայց սառը դատել այս պահին չեմ կարող: Ներող եղեք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր