211652_close_icon
views-count81419 դիտում article-date 10:10 10-05-2021

Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիներն ասում են. «44-օրյա պատերազմում կյանքեր փրկած ու զոհված հերոսի հորը, ով Քարվաճառից խաչքար էր տեղափոխել, սպանել են, ոստիկաններն ասում են՝ հանկարծամահ է եղել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղում կրքերը չեն հադարտվում՝ կապված գյուղի բնակիչ՝ 64-ամյա Աբրահամ Գրիգորյանի մահվան հանգամանքով։

Երեկ՝ մայիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիները, ովքեր հավաքվել էին Ա. Գրիգորյանի շիրիմի առջև, ասում էին. «Աբրահամը գյուղի ամենահարգված բնակիչներից էր, պատերազմ տեսած, պատերազմը հաղթածներից էր։ Մեր գյուղի բազմաթիվ հերոս տղերքի նման միշտ բարձր է պահել գյուղի պատիվը։ Տղան արցախյան 44-օրյա պատերազմի նահատակներից էր, իրեն վտանգելով՝ փրկել էր բազմաթիվ կյանքեր։

Ցավոք, նա նույնպես զոհվում է և նրան հուղարկավորել են գյուղի հերոսների պանթեոնում։ 

Հայրը՝ Աբրահամը, ով մասնագիտությամբ մանկավարժ էր, Քարվաճառից խաչքար էր տեղափոխել գյուղ, երբ իմացել էր, որ տխրահռչակ պայմանագրի ստորագրումից հետո Քարվաճառը հանձնվում է թշնամուն։ Որոշել էր, որպեսզի գյուղի կենտրոնական մասում տեղադրեր խաչքարը։ Խաչքարի պատվանդանը հսկայական տուֆից քարը ընկերներով էին տեղափոխել գյուղ, սակայն այդ սուրբ գործը գյուղում հայտնի «Կույրաաղիք» անունը ստացած Մուշեղ Բաղդասարյանը, չգիտես ինչու, մայիսի 5-ին անհիմն վիճաբանության մեջ է մտնում Աբրահամի հետ և մի քանի հարված հասցնում, որը ճակատագական է լինում նրա համար։

Վիճաբանությանը ներկա են լինում ականատեսներ, ովքեր այդ մասին արդեն բացատրություն են տվել ոստիկանության Թալինի բաժնում։ Սակայն, չգիտես ինչու, Թալինի ոստիկանությունը ծածկադմփոց է անում. փորձում են գործը կոծկեն, թե իբրև Աբրահամը հանկարծամահ է եղել։ Տո՛, ա՛յ խելոքներ, Աբրահամին, եթե գյուղի այդ «Հուդան» հարվածներ չհասցներ, նա այսօր մեզ հետ կլիներ։ Աբրահամի սիրտը, եթե դիմացավ իր հերոս տղայի ու իր 2 եղբայրների հերոս տղաների զոհվելու մասին լուրին, նա էլի կդիմանար, բայց մենք վստահ ենք, որ նա մահացավ Մուշեղի հարվածներից։ Ասում են՝ դատաբժիշկն ասել է՝ մարմնի վրա հետքեր չկան։ Պարտադիր պետք է դանակի հարվա՞ծ կամ եսիմ-ի՞նչ լիներ, որ նոր ընդունեիք իրողությունը։ Մենք պահանջում ենք, որպեսզի օբյեկտիվ քննություն կատարվի և Մուշեղի նման անսիրտ, անհոգի մարդը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։

Էս ի՞նչ երկիր ենք դարձել. սպանություն կատարողի տունը ոստիկանական հսկողության տակ են առնում, իսկ հայրենիքի համար կյանքը զոհաբերածի հարազատներին Թալինի ոստիկանները հետապնդման են ենթարկում։ Սա՞ է  ձեր արժեհամակարգը։ Պահանջում ենք իրավասու մարմիններից՝ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն Աբրահամին մահվան դուռը հասցրածին»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր