211652_close_icon
views-count2062 դիտում article-date 17:22 10-05-2021

Արցախյան 44-օրյա պատերազմի թեմայով համապարփակ դասախոսությունների շարք է մեկնարկել Գերմանիայի Հալլեի համալսարանի հայագիտական կենտրոնում

2021 թ.-ի ապրիլի 20-ից մինչև հուլիսի 27-ը, Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանին առընթեր «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար` դոկտոր-պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանի նախաձեռնությամբ ՝ «Քրիստոնյա Արևելք և Բյուզանդիա» սեմինարի շրջանակում մեկնարկել է թվային դասախոսությունների շարք`  «Ղարաբաղի/Արցախի 44 օրերը. հակամարտության համապարփակ ներկայացում Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածաշրջանի վերաբերյալ» թեմայով:

Ողջ ամառային կիսամյակի ընթացքում, դասախոսություններով և գիտական զեկույցներով հանդես կգան արևելագիտության, հայագիտության, կովկասագիտության, քաղաքագիտության, իրավունքի, էթնոլոգիայի, արվեստի և մշակույթի ուսումնասիրությունների, հնագիտության, պատմության, բանասիրության և աստվածաբանության բնագավառների փորձագետներ, հեղինակավոր գիտնականներ, պրոֆեսորներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ Գերմանիայից և արտերկրի այլ գիտահետազոտական կենտրոններից:
Իրենց դասախոսություններում նրանք կապահովեն Արցախի չճանաչված հանրապետության վերաբերյալ ամբողջական անդրադարձը անցյալում և ներկայում, այդ թվում հետևյալ թեմատիկ ընդգրկումներով՝ 44-օրյա պատերազմի ներքին և արտաքին հետևանքները (ԱՀ Արտաքին Գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյան/Ստեփանակերտ), Գերմանական դիվանագիտության դերը Արցախի հակամարտության կարգավորման գործում (Հարություն Գրիգորյան/Պոտսդամ), Հայկական ժառանգության ոչնչացումը Նախիջևանում` (Սիմոն Մաղակյան /ԱՄՆ, Դենվեր), Բազելի առաքելությունը Արցախի` Շուշի մշակութային մայրաքաղաքում(պրոֆ. Րաֆֆի Խ.Գազեր/Էրլանգեն), ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը և գործառույթը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու ձախողված փորձում(պրոֆ. Հանս-Յոխեն Շմիդթ/Բեռլին), Արցախը անտիկ դարաշրջանում  և միջնադարում րոֆ.Քրիստիան Աննեգրեթ Պլոնթկե-Լյունինգ/Յենա), Կովկասյան ալբանացիները և նրանց լեզուն (պրոֆ. Յոստ Գիփփերթ /Ֆրանկֆուրտ), Օսմանյան հայերի ցեղասպանությունը 1915/16 և հայերի վիճակը Արցախում, Լեռնային Ղարաբաղը 2020 թվականից հետո ( դոկտ. Էլկե Հարթմանն, Բեռլին),  Իրավիճակը Հարավային Կովկասում ` Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից (ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան/Բեռլին), Թուրքիան ՝ որպես ղարաբաղյան պատերազմի երրորդ կողմ՝ նախապատմություն, գործընթացներ, հեռանկարներ( դոկտ. Րաֆֆի Քանթյան /Հաննովեր), Հակամարտության իրավական ասպեկտները. Լեռնային Ղարաբաղի անջատման օրինականությունը (դոկտ. Սարա Բաբայան/Համբուրգ), Ինչու՞ դիվանագիտությունը ձախողվեց և պատերազմը հաջողվեց  Արցախյան հակամարտության մեջ (Ժիրայր Լիպարիտյան/Միչիգան), Արցախի ընկալումը ժամանակակից արվեստում(Արչի Գալենց/Բեռլին):
 
Պետք է ընդգծել, որ նման թեմատիկ շեշտադրումներով դասախոսությունների մեկնարկը հատկապես կարևորվում է այն հանգամանքով, որ տեղի է ունենում Եվրոպայի սրտում՝ կենտրոնական Գերմանիայում, որտեղ Արցախյան հակամարտությունն այսօր չափազանց մեծ կարիք ունի միջազգային լուսաբանման, ոչ միայն տարածման ու արձագանքների, այլև ուսումնասիրության ծավալի ընդլայնման առումներով։ Արցախում տեղի ունեցողը գլոբալ հարց է և գլոբալ խնդրի շատ էական դրսևորում, միջազգային մեծ տեղաշարժերի նոր փուլ։ Արցախի հարցի միջազգային քննարկումը անպայման արձագանք է գտնելու համաշխարհային նոր դրսևորումներում։

Նշենք նաև, որ Հալլեի համալսարանը գերմանական միակ համալսարանն է, որտեղ գործում է արտակարգ կամ արտապլանային հայագիտական ամբիոն: Վերջինիս կից Մեսրոպ Մաշտոցի անվան` «Մեսրոպ»  հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որն ունի արդեն 23 տարվա պատմություն, իր գործունեության ընթացքում բավականին լրջորեն ուսումնասիրել է մեր լեզուն, պատմությունն ու կրոնը, իրականացրել բազմաթիվ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր՝ նպաստելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայագիտության տարածման և ամրապնդման ազգապահպան գործունեությանը:

https://www.christlicherorient.uni-halle.de/
 
 

Նմանատիպ նյութեր