211652_close_icon
views-count1689 դիտում article-date 14:17 14-05-2021

Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է, նա պետք է պատասխանատվություն կրի. ԱԺ պատգամավոր

Արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը. մենք դիմել ենք բոլոր խմբակցություններին, որովհետեւ չունենք լիազորություն նիստ հրավիրելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, փոխանցում է News.am-ը։

«Արդեն ստորագրությունները հավաքել ենք, որ նիստը լինի: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը հրատապ նիստ հրավիրի եւ քննարկի սահմանային իրավիճակը: Հասկանանք՝ ով է մեղավոր, ինչու է մինչեւ հիմա ՀՀ առաջնագիծը շարունակում մնալ չկահավորված:

Մենք ըստ էության չունենք ոչ միայն համապատասխան կահավորանք, այլ նաեւ թերեւս ներուժ դիմակայելու: Պետք է պաշտոնական օղակները հստակ տեղեկություն տան, թե որ հատվածից, քանի կմ են ներխուժել, ինչպես են ներխուժել, ինչու նախապես չենք իմացել, ինչու մեր հետախուզությունը չի զեկուցել, ինչ հակաքայլեր են արվել: ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր պետք է պատասխանատվություն կրի, որովհետեւ մենք կորցրել ենք ՀՀ-ի սահմանային անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է, որովհետեւ ինքն է ԳՇ պետը: Ես հետեւողական եմ լինելու այս հարցում»,-ասաց նա:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկինները 27 տարի չեն կահավորել առաջնագիծը, Թագուհի Թովմասյանը նկատեց, որ այս առաջնագիծը առաջացել է նոյեմբերի 9-ից հետո, երբ Քարվաճառը փոխանցվեց Ադրբեջանին:  «Մենք ունեցել ենք շատ մեծ բուֆերային գոտի, որը կորցրել ենք, դրա համար հիմա գտնվում ենք այսքան մոտ հեռավորության վրա: Հիմա ադրբեջանցի զինվորների աչքերը փակենք, որ չտեսնի՞, որ մենք խրամատ չունենք, որ մեր զինվորները ցելոֆանե վրանների մեջ են քնում: Հիմարություն է մտածել, որ ադրբեջանցին իմ կամ որեւէ մեկի բարձրացված հարցի միջոցով պետք է իմանա, թե ինչ է կատարվում առաջնագծում»,-ասաց Թովմասյանը:

Նա նկատեց, որ ադրբեջանական զինուժը այդ նույն եղանակային պայմաններում կարողանում է խրոմատներ փորել, մենք չենք կարողանում. «Մենք ինչու ենք այսքան մոռացել առաջնագծի մասին, ինչու ենք այսքան թերագնահատում թշնամուն: Երեկ ինձ զանգել ասում են՝ եթե մարդ չի գալիս, գոնե զենք տվեք, որ պաշտպանվենք:

Ես կարծում եմ, որ Ադրբեջանի գործողությունները մեծապես պայմանավորված են մեր երկրում առկա անկայուն վիճակով: Քանի մենք խառն ենք, իրար ենք ուտում, իրենք ընդլայնվում են: Առաջին պատերազմում եղել է նույնը. Երբ Ադրբեջանում իրար էին ուտում, մենք ընդլայնում էինք մեր տարածքները:»,-ասաց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր