211652_close_icon
views-count1653 դիտում article-date 19:39 25-05-2021

Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը՝ բարեկամ երկրների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար:

Կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակն ու վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները՝ զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, զբոսաշրջության զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր: 

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրների:

 

Նմանատիպ նյութեր