211652_close_icon
views-count1895 դիտում article-date 17:52 28-05-2021

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 28-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է.  «Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու այլ ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Նրանք խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կոչ անում կողմերին կյանքի կոչել բոլոր հանձնառությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ:

Համանախագահները մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ սահմանային վեճերը լուծելու հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում և վերատեղակայել զինված ուժերը՝ իրադրության լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Կարևորելով տարածաշրջանի ժողովուրդների կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան՝ նրանք հորդորել են կողմերին հնարավոր ամենավաղ ժամկետներում գործել համանախագահների հովանու ներքո:

Նմանատիպ նյութեր