211652_close_icon
views-count1744 դիտում article-date 21:06 28-05-2021

Կնքվելիք փաստաթուղթն ինչ-որ նոր, անգերազանցելի սրիկայական և հակահայկական նշաձող է սահմանում. այլ կերպ պարոն Այվազյանի հրաժարականը ես բացատրել չեմ կարող. Հայկ Մամիջանյան

Փորձելով չմանրամասնել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների փակ հանդիպման բովանդակությունը՝ ես պիտի ասեմ, որ  իմ տպավորությամբ՝ կնքվելիք փաստաթուղթն ինչ-որ նոր, անգերազանցելի սրիկայական և հակահայկական նշաձող է սահմանում, որովհետև այլ կերպ պարոն Այվազյանի հրաժարականը ես բացատրել չեմ կարող: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի մասին:

«Ես կանխատեսում չեմ անի, թե կապիտուլյանտն ում կառաջարկի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, գուցե դա լինի իր «ուսապարկերից» որևէ մեկը, բայց հույս ունեմ, որ մեր դիվանագիտական կորպուսից և ոչ մեկը չի համաձայնվի ինքն իրեն խայտառակել, մոռանալ իր պարտքն ու վաստակը հայրենիքին  և դառնալ  կապիտուլյանտի արտաքին գործերի կամակատարը: Նիկոլը գործընկերներ չունի, նա ունի իր հակահայկական քայլերի կամակատարներ»,-ասաց նա:

Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյանին այդ փաստաթուղթը ստորագրելուց կարող են հետ պահել քաղաքացիները՝ նրան ուղարկելով պատմության աղբամանը: «Լավ, կլինի, որ նա հասկանա, որովհետև վերջին 20 օրերին նա ձևացնում է, թե Հայաստանն է ղեկավարում: Ես ակնկալում եմ նաև փոխնախարարների հրաժարականները, որովհետև նրանք արհեստավարժ մարդիկ են և չեմ կարծում, որ հակահայկական փաստաթղթի ստորագրման պատասխանատվություն կպատրաստվեն կիսել, հատկապես, երբ չեն մասնակցել դրա կազմմանը»:

Մամիջանյանը նշեց, որ այդ փաստաթղթի հրապարակված մասերում որևէ բովանդակային կետ չկա, սակայն, եթե հաշվի առնվի այն փաստը, որ այն պետք է ստորագրվի երեք պետությունների միջև, ապա վստահաբար կարող է ասել, որ փաստաթուղթն ունի գաղտնի մաս, որի մասին ԱԳՆ-ն տեղյակ չէ: «Կարող ենք ենթադրել, որ այն դավադիր, հակահայկական, սեփական իշխանությունը պահպանելու և վերարտադրելու միտված, Հայաստանի շահերը բացարձակ չարտահայտով փաստաթուղթ է: Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը ևս կատարվել է շատ ու շատ կարևոր կառույցների շրջանցմամբ և նույնիսկ այդ խայտառակ ձևակերպումներով փաստաթղթի մեջ առկա Հայաստանի համար էական կետերը՝ գերիների վերադարձը չի իրականացվել: Նիկոլն արագ-արագ կատարել է Ադրբեջանի բոլոր պահանջները, բայց չի կարողանում գոնե օրակարգ բերել գերիների հարցը»:

Խոսելով Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկի մասին՝ վերջինս նշեց, որ այդտեղ չկա ո՛չ նոր գերեվարվածների, ո՛չ նախկինում գերի ընկած մեր հայրենակիցների մասին: «Նա միայն մի միտք ունի՝ վերարտադրել իր իշխանությունը, կառչած մնալ իր աթոռին ու շարունակել քանդել երկիրը, նրան միայն իր ֆիզիկական անվտանգությունն է հետաքրքրում: Չեմ զարմանա, որ մոտ օրերս հայտարարի՝ իր անվտանգությունն արդեն պետք է միջազգային ինչ-որ կազմակերպություններ ապահովեն»:

Նմանատիպ նյութեր