211652_close_icon
views-count4134 դիտում article-date 12:24 03-06-2021

Աբովյանի դիահերձարանի միջադեպի հետ առնչվող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից. Ավանեսյանի պարզաբանումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորների մասունքների ու դիերի պահման կադրերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ արդյոք դա պետության կամ կառավարության վերաբերմունքն է զոհված զինվորների ու, ընդհանրապես, հանգուցյալների նկատմամբ: Վարչապետի պաշտոնակատարն այս հարցի պատասխանը գտնելու համար Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել և մինչ 2018 թվականն այս ոլորտում ինչ իրավիճակ է եղել:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մինչև 2018 թվականը նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը: «Մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել: Դատաբժշկական ծառայությունը Երևանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ: 2018 թվականից ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը ու սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով, իսկ 2020-ին նորոգվել է Մեծամորի դիահերձարանը, հիմնանորոգվել է Աբովյանի դիահերձարանը, հիմա էլ լրացուցիչ սառնարանային նոր մաս է կառուցվում, համալրվում է Մարտունու մասնաճյուղը: 25 տոկոսով աճել է աշխատակիցների աշխատավարձը», - նշեց Անահիտ  Ավանեսյանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համակարգի բյուջեն 2019 թվականին 2018-ի համեմատությամբ ավելացել է 117 միլիոն դրամով, 2020-ին՝ 230 միլիոն դրամով: «Հիմա ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունենք այն տեսարանը, որն ունենք, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ», - ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ԴՆԹ հետազոտությունների սարք 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանում չի եղել:

«Սա ցույց է տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Այդ միջադեպի հետ առնչվող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից, բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ այ, մարդկանց աշխատանքից ազատում են», - նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը յոթ օր՝ առանց դադարի, «ընդ որում, ճնշումների ներքո, շատ հաճախ վիրավորանքների ներքո ու նրանց աշխատանքը չի կարելի չգնահատել»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է այս դեպքից դասեր քաղել, բայց, մյուս կողմից, կառավարությունը կամ առողջապահության նախարարը չի կարող գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել ու տեսնել՝ ով ոնց է աշխատում:

«Այս պահին, ըստ էության, ԴՆԹ հետազոտման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել, մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց ունենք նաև անհետ կորածների հարազատներ, որոնք տարբեր պատճառներով ԴՆԹ նմուշ չեն հանձնել: Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ փորձից ԴՆԹ չի անջատվել, պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք միջազգային մեր գործընկերներին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր