211652_close_icon
views-count3015 դիտում article-date 11:42 04-06-2021

Կեղծ դիպլոմների խնդիրը կլուծվի. ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով

Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ: 

Պիլոտայինից հետո, Արտակ Պողոսյանի կարծիքով, այլևս թղթային տարբերակով ավարատկան փաստաթուղթ չի լինի: Քաղաքացին իր այդ փաստաթուղթը e-verify կայքից  միանգամից կարող է ներբեռնել ու ստանալ: «Այս տարի ծրագիրը միայն դպրոցների համար կլինի պիլոտային: Իհարկե, կտպվեն նաև ավարտական փաստաթղթերը, այսինքն՝ այս տարի երկու տարբերակն էլ կգործի և՛ էլեկտրոնային, և՛ թղթային: Փոփոխությունները և՛ 12-րդ դասարանին են վերաբերում, և՛ 9-րդ: Երեխան կունենա կոդ և դրանով կկարողանա մուտք գործել e-verify պետական հավաստված կայք: Եթե անհրաժեշտություն կա, ապա կտպի իր փաստաթուղթը: Եթե դրսում ինչ-որ մեկը կուզենա հավաստիանալ փաստաթղթի իսկության հարցում, ապա համակարգից հնարավորություն կունենա այն ճշտել»,-ասաց Արտակ Պողոսյանը:

Համակարգը կամաց-կամաց ընդլայնվում է: Արտակ Պողոսյանը տեղեկացրեց, որ այս պահին կադաստրի սեփականության վկայականն է, քաղաքացիական ակտերի գրանցման փաստաթղթերն են, հաջորդ տարվանից դպրոցների ավարտական ամբողջ փաստաթղթերը կլինեն էլեկտրոնային: Նախատեսվում է աշխատել նաև միջին մասնագիտական կրթության և բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտական դիպլոմները թվայնացնելու ուղղությամբ: Մոտակա տարիներին Հայաստանում կրթական փաստաթղթերը չեն տրվի թղթային տարբերակով: 

«Դա հնարավորություն կտա խուսափել մի շարք խոչընդոտներից՝  սկսած փաստաթուղթը կորցնելուց ու նորը ձեռքբերելուց, կոռուպցիոն ռիսկերից: Այսինքն՝ չեն կարողանա գրանցել ավարտական փաստաթուղթ թղթային տարբերակով: Սրանով կեղծ դիպլոմների շրջանառության խնդիրն ենք լուծում: Դրանից բացի, դիպլոմը կորելու դեպքում, անձը ստիպված չի լինի երկար վարչական ճանապարհով անցնել, որպեսզի վերականգնի իր ավարտական փաստաթուղթը: Ծախսերի տեսանկյունից նույնպես շատ արդյունավետ է: Տարեկան առնվազն 20 մլն դրամ ծախսվում է միայն վկայականների տպագրության վրա, ինչը պետությունը կարող է չանել և տրամադրել այլ ծախսերի համար»,-հավելեց Արտակ Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր