211652_close_icon
views-count12202 դիտում article-date 15:32 17-06-2021

«Վերականգնել գյուղնախարարությունը և հնձել քաղաքական մոլախոտերին. քաղաքացին Ռոբերտ Քոչարյանին մուրճին ի հակառակ մանգաղ տվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Երկրի առաջ կանգնած խնդիրները կարելի է երեք խմբերի բաժանել։ Այս մասին Վարդենիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

Նա առաջին խումբ խնդիրները համարեց անվտանգությանը վերաբերող հարցերը, երկրորդը կապված է տնտեսական իրավիճակի հետ։ Նա նշեց, որ մենք ունենք տնտեսական ճգնաժամ, որը խորանալու է, կա գործարկության, աղքատության, արտագաղթի աճ, իսկ երրորդ խումբ խնդիրները համարեց ներքաղաքական իրավիճակը, և եթե չլիներ ներքաղաքական ճգնաժամը, չէին լինի արտահերթ ընտրություններ։

Նա նշեց, որ այս երեք խումբ հարցերը ստեղծել է գործող իշխանությունը և իրենք կարող են լուծել։ «Երկրի առաջին դեմքը մուրճով է քայլում երկրով մեկ, մենք ուզում ենք ներքաղաքական համերաշխությո՞ն լինի, չի՛ լինելու։ Հիմա իրանք ասում են՝ մենք ձեզ սիրում ենք, հնարավորություն տվեք այս ամենը շարունակենք։ Պրոբլեմ ստեղծողին չեն ասում՝ գնա, դա լուծի, պրոբլեմ ստեղծողի ականջից բռնում են, մի հատ էլ մի տեղ մի լավ․․․ չէ, լավ, կասեն բռնության կոչ է անում, «հանգիստ» ասում են գնացեք ուրիշ թիմ կգա»,–ասաց նա և նշեց, որ կյանքում չկայացած մարդիկ հայտնվել են պետական ղեկին և իրենց թվացել է, որ այդտեղ կկայանան։

Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ չկատարած խոստում չունի և օրինակ բերեց Սոթքի գործարանի աշխատելը։ «Մենք գալիս ենք հանգստություն, համերաշխություն բերելու, մի բռունցք սարքելու մեր ժողովրդին»,-ասաց նա։

Քաղաքացիներից մեկը բարձրացրեց գյուղատնտեսության նախարարությունը վերաբացելու հարցը և նշեց, որ մուրճին ի հակառակ բերել է մի մանգաղ, որ Քոչարյանը վերականգնի գյուղատնտեսության նախարարությունը և հնձի քաղաքական մոլախոտերին։ Ռոբերտ Քոչարյանը կատակեց․ «Ես որ սկզբում տեսա, վախեցա, ասի՝ կարողա կաստրացիայի գործիք է»։ Նա խոստացավ գործիքը զուտ իր նպատակով օգտագործել։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ դաշնակցության դրոշը վառելու հայտարարությանը, Ռոբետր Քոչարյանը նշեց․ «Կասկած կա՝ հինգ միլիարդը դեռ ամբողջությամբ, հավանաբար, չեն ստացել և երևի դեռ գործ կա անելու, հանձնելու, Հայաստանը այն աստիճանի թուլացնելու, որ տարածաշրջանում վճռորոշ գործոն չլինենք։ Ուրիշ բացատրութուն չունեմ»։

Անդրադառնալով պարգևավճարներին՝ նա ասաց, որ մարդկանց միջին օղակի աշխատողների պարգևավճարները չի հուզում և դա միշտ եղել է։ «Ցածր, միջին օղակին արժե տալ, բայց իրենք պարգևավճարը սարքել են պարտադիր, աշխատավարձի պես մի բան, աշխատում ես, չես աշխատում, ստանում ես, բայց այդ պարգևավճարի առյուծի բաժինը ստանում է վերնախավը, ոչ թե պարզ ժողովուրդը»,–ասաց նա։

Քաղաքացիները նաև հետաքրքրվեցին Սորոսի գրասնեյակը փակելու հնարավորությանը և ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝ տեսնում է, որ  հասարակական պահանջ կա՝ վերջ տալ նման գործունեությանը Հայաստանում. «Մենք համոզված ենք, որ պետք է վերջ տալ, երկրորդ՝ հնարավոր չէ այդպիսի հանրային պահանջը չբավարարել։ Ուղղակի մենք պետք է իրավական ճանապարհ գտնենք»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր