211652_close_icon
views-count1447 դիտում article-date 10:10 19-06-2021

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ այսօր լռության օր է

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հունիսի 19-ը լռության օր է։ ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 19-րդ հոդվածի համաձայն` քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:


Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին. քվեարկության համար ընտրատեղամասերը կբացվեն 08։00-ին։ Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված էր 650 անձ։ 

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։ 

Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ 

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

Նմանատիպ նյութեր