«Պատիվ ունեմ» դաշինքն այս փուլում չի պատրաստվում համագործակցել ներկա իշխանությունների հետ
«Պատիվ ունեմ» դաշինքն այս փուլում չի պատրաստվում համագործակցել ներկա իշխանությունների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից համագործակցության որևէ առաջարկ չի ստացել, ստանալու դեպքում էլ չի կարծում, որ կարող են նրա հետ հանդիպել և ինչ-որ բանի շուրջ զրուցել:
«Որոշ ժամանակ թող անցնի, տեսնենք ընտրությունների վերջնական արդյունքն ինչպիսինն է, Սահմանադրական դատարանը, եթե դիմում ենք, ի՞նչ է որոշում, վերահաշվարկների արդյունքում ի՞նչ է գրանցվում, դրանից հետո ավելի կոնկրետ կխոսենք»,- հավելեց Վանեցյանը:
Հարցին` որևէ իրավիճակում պատրաստվո՞ւմ են համագործակցել ներկա իշխանությունների հետ, Վանեցյանը բացասական պատասխան տվեց.
«Ներկա իշխանությունների հետ չեմ պատրաստվում համագործակցել այս փուլում և չեմ կարծում, որ նման օրակարգ կունենանք»,- եզրափակեց Վանեցյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: ԿԸՀ է ներկայացվել 27 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ, որոնց հիման վրա կատարվում է ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանք: