211652_close_icon
views-count2063 դիտում article-date 16:58 23-06-2021

Օձունի համայնքապետին ծեծելու գործով քրեական գործ է հարուցվել. գործը փոխանցվել է ՀՔԾ

Երեկ «Հայաստան» դաշինքը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ահազանգում էր բռնաճնշումների ու հաշվեհարդարների նոր ալիքի մասին:

««Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։ Ընդամենը երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխության ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։ Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։ Ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաև Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև, և երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել»,- մասնավորապես ասված էր տարածված հայտարարության մեջ:

Ավելի ուշ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրեց, որ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։

«ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։

Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»,- նշել էր Գոռ Աբրահամյանը։

Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ:

Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը նշել է, որ իր համոզմամբ` Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել է մարզպետի սպառնալիքով: Ըստ Ա. Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքից անմիջապես հետո արագ արձագանքմամբ կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս Ոստիկանությունում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել այս հարցով ՀՀ դատախազության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

Նշված բողոքի ու միջադեպի հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից վաղն առավոտյան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասված էր ՄԻՊ հայտարարության մեջ:

168.am-ի հետ զրույցում քիչ առաջ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեպքի առթիվ քրեական գործը է հարուցվել ՀՀ Լոռու մարզի դատախազությունում:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործն արդեն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, քննչական ենթակայության կարգով այն ուղարկվում է ՀՀ ՀՔԾ»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

309-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմը, այն է՝

2. Նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր