211652_close_icon
views-count42875 դիտում article-date 10:59 24-06-2021

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» սրբատեղիում 41-ամյա տղամարդուն սպանած կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնակված գործողությունների շնորհիվ ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Կոտայքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արսեն Սիմոնյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունիսի 15-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» սրբատեղիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանին սպանելու մեջ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սիմոնյանը ոստիկանության Կոտայքի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի որոշմամբ ձերբակալվել է։

Այսօր՝ հունիսի 24-ին, քննիչը միջնորդություն է ներկայացնելու Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում. վիրասեղանի վրա մահացել է։

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռոստոմյանը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանը, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը։

Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ նա մահացու մարմնական վնասվածքները ստացել էր նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում, որտեղ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին դանակ (ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ դա հանցագործության գործիքը լիներ), արնանման հետքեր, հագուստ, գարեջրի բացած շշեր։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Թաթոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քննիչի կողմից այդ ամենն առգրավվել էր, նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 246+
246+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր