211652_close_icon
views-count4248 դիտում article-date 10:21 28-06-2021

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է մաքսանենգության և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Թ-ն համաքաղաքացի Հ.Մ-ին պատվիրել է որոշակի գումարի դիմաց ավտոմեքենայով մեկնել հայ-իրանական սահման, իր ծանոթ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ստանալ Իրանից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները, դրանք փոխադրել Հրազդան քաղաք և հանձնել իրեն:

Նշված անձնավորությունը մեկնել է Սյունիքի մարզի Ագարակ բնակավայր՝ հեռախոսային խոսակցությունների միջոցով թմրամիջոցի փոխանցման վերաբերյալ անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերելով հայ-իրանական սահմանի հարևանությամբ՝ իրանական կողմում բնակվող հանցակցի հետ: 2021 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, պետական սահմանին հարող տարածքում ստանալով իրանական կողմից տվյալ պահին մաքսանենգությամբ ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 743 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներով փաթեթը՝ օժանդակող անձնավորությունը պատվիրատու Խ. Թ-ին հանձնելու նպատակով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Եղեգնաձոր քաղաքում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում նշված ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել ու վերցվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցները:

Մեկ այլ դեպքում, ՀՀ քաղաքացի Ա. Ա-ն, գտնվելով Իսպանիայի Թագավորությունում, շահույթ ստանալու համար ՀՀ-ում վաճառելու, ինչպես նաև այլ անձանց փոխանցելու եղանակով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 57 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի հունիսի 22-ին մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ քողարկված ձևով պահելով իր մոտ և Բարսելոնա-Վարշավա-Երևան ավիաչվերթով բերելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և վերցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործերով հիշյալ երեք անձինք ձերբակալվել են, իսկ հետագայում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
    
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր