211652_close_icon
views-count1484 դիտում article-date 17:06 04-07-2021

Ստեփանակերտում մեկնարկել է «Tech week Արցախ 2021» համաժողովը

Ստեփանակերտում մեկնարկել է «Tech week Արցախ 2021» համաժողովը: Այս մասին հայտնում են Արցախի կառավարության տարածած հաղորդագրությունում:

«Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 3-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ստեփանակերտում մեկնարկած «Tech week Արցախ 2021» համաժողովի բացման արարողության ժամանակ:

ԱՀ կառավարությունից հայտնում են, որ պետական նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին այդ խոշոր տեխնոլոգիական միջոցառումը Արցախում կազմակերպելու իր առաջարկն ընդունելու համար:

«Այս խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումն Արցախում կազմակերպելիս մի շարք նպատակներ ունեինք՝ ի լրումն նման միջոցառումների հիմնական նպատակների: Մասնավորապես, նպատակ ունեինք Արցախում հետպատերազմյան տրամադրություն փոխելու՝ ցույց տալու համար, որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել առկա խնդիրների լուծման ու Հայրենիքի երկարատև զարգացման ուղղությամբ: Հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյան տրամադրություն փոխելն է՝ խթանելով Արցախ այցելությունները և վիրավոր Արցախին աջակցելու գործնական ջանքերը: Երրորդ նպատակը, անշուշտ, Արցախում տեղեկատվաղական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է՝ բարենպաստ պայմաններ ապահովելով տեղում համապատասխան կրթական ու գործարար ծրագրերի իրագործման համար: Այժմ շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է կայացնել այս համաժողովը, և շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, աջակիցներին ու մասնակիցներին»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

«Tech week Արցախ 2021» համաժողովին մասնակցում են ոլորտի շուրջ 1500 մասնագետներ ու հետաքրքրված անձինք, որից ավելի քան 400-ը ժամանել են ՀՀ-ից, ներառյալ՝ բնագավառի կայացած ընկերությունների ներկայացուցիչներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր