211652_close_icon
views-count1281 դիտում article-date 15:52 06-07-2021

Հաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային են, իսկ բողոքարկման մեխանիզմները՝ անարդյունավետ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում և փոխարենը որոշումները կայացվում են իրենց համար անհասկանալի, սուբյեկտիվ մոտեցումներով: Այս խնդիրը տեղ է գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ։

Այսպես, ըստ բողոքների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին ներկայացվել են փորձաքննվողի առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովները որոշում են կայացրել, որ դրանք չեն վկայում օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարման մասին:

Այս հիմնավորմամբ հանձնաժողովների որոշումներով անձանց նկատմամբ հաշմանդամության կարգավիճակ չի սահմանվել կամ առկա հաշմանդամության խումբը չի փոփոխվել: Մինչդեռ, ինչպես վկայում են բողոքների արդյունքները, հանձնաժողովների վերոնշյալ հիմնավորումներով իրականում հաշվի չեն առնվել անձի կյանքի որակի փաստացի փոփոխությունները՝ անկախ այն բանից՝ առկա է օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարում, թե՝ ոչ: Օրինակ՝ դիմումներից մեկով բողոք ներկայացրած անձը հայտնել է, որ թեև անդամահատված է մեկ ձեռքի 3 և մյուսի 4 մատները, բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ այն հիմնավորմամբ, որ ձեռքերի կայուն ֆունկցիոնալությունը խախտված չէ։

Մինչդեռ, բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հնարավորություն չեն տվել կոնկրետ դեպքով հաշվի առնել, որ բողոք ներկայացրած անձը զբաղվել է շինարարական աշխատանքներով, տվյալ պահին չի ունեցել անհրաժեշտ հմտություններ՝ իր կյանքի որակը բարելավելու և ինքնուրույն կենսագործունեություն ապահովելու համար:

Ընդ որում, փորձաքննության արդյունքում խորհրդատվությունը, այն է՝ հմտանալու մեկ այլ ոլորտում, ըստ էության, էական նշանակություն չի ունեցել, քանի որ չեն կատարվել անհրաժեշտ ուղղորդումներ, համապատասխան վերականգնողական ծրագրի իրականացման հնարավորություններ չեն առաջարկվել:

Ավելին, համայնքահեն ծառայությունների սղության պատճառով դրանք առհասարակ բացակայել են։ Արդյունքում, անձը զրկվել է ոչ միայն ստեղծված իրավիճակում կենսակերպն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, այլև առաջացած խնդիրների լուծման հարցում բախվել է աջակցող հնարավորությունների և ծառայությունների բացակայությանը։

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի փոփոխման հետ կապված խնդիրներն էլ ավելի են խորանում հանձնաժողովների որոշումների բողոքարկման մեխանիզմների անարդյունավետության պատճառով:

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի անդամների դիտարկումները փաստում են, որ վարչական ակտի բողոքարկման պարագայում հաճախ կատարվում է վարչական ակտի մակերեսային ուսումնասիրություն և որոշումը հիմնականում մնում է անփոփոխ, չի կատարվում ամբողջական՝ անձի գանգատների, տեղեկությունների վերլուծություն և փաստաթղթային զննություն։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրած քաղաքացիները չունեն վստահություն բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման մեխանիզմների նկատմամբ։ Օրինակ՝ Պաշտպանին են հասցեագրվում դիմումներ այն մասին, որ մարդիկ, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, այնուամենայնիվ, շատ դեպքերում չեն ցանկանում բողոքարկել այն՝ համարելով դա անիմաստ գործընթաց:

Քաղաքացիների համոզմունքն այն է, որ միևնույնն է՝ բողոքարկման դեպքում ուշադրություն չի դարձվելու իրենց բացատրություններին: Հիմք են ընդունվելու միայն փաստաթղթային ֆորմալ ձևակերպումները, իսկ բողոք քննող մարմինն էլ անտեսելու է իրենց փաստարկները։ Այլ կերպ՝ որոշումների բողոքարկման ընթացակարգերն ընկալվում են՝ որպես ձևական բնույթի քաշքշուկներ առաջացնող պրոցեսներ, այլ ոչ թե իրավունքների պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ:

Խնդրահարույց է մնում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ իրազեկումը, քանի որ որպես կանոն, մարդիկ ուշադրություն են դարձնում միայն եզրակացությանը, իսկ պետության կողմից բավարար քայլեր չեն ձեռնարկվում այս ընթացակարգերն առավել վստահելի և արդյունավետ դարձնելու համար։

Ավելին, մարդիկ գրեթե իրազեկված չեն սեփական բժիշկ-ներկայացուցչին փորձաքննության մասնակից դարձնելու հնարավորության մասին, հատկապես, եթե նրանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է առաջին անգամ:
 

Նմանատիպ նյութեր